ՀՔԾ-ն փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել. «Ժողովուրդ»
ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անձի հետ կապող Պանամական օֆշորի քրգործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է ավելի քան հինգ ամիս։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին։
«Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել։ Պարզից էլ պարզ է, որ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ՀՔԾ-ին չեն ասի ավելին, քան հրապարակել են։ Արդյունքում, ՀՔԾ-ն հնարավորություն կստանա ասելու, որ քրգործի հիմքում դրված փաստաթղթերի արժանահավատությունը հաստատող ապացույցներ չունեն։ Մյուս կողմից էլ իրենց տրամաբանության տակ ունեն Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթղթեր, որոնք իբր հերքում են Պանամական օֆշորի փաստաթղթերը։ Ըստ այդմ, քրգործը կկարճեն, և Միհրան Պողոսյանը կլծվի 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի սատարելու «սուրբ» գործին»,-հավելել է թերթը: