Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը երեկ շրջանառության մեջ է դրել 1 նամականիշ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին: Տաթևիկ Սազանդարյանը եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի՝ ունենալով մեծ ներդրում ազգային օպերային արվեստի զարգացման գործում:
«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից մանրամասնում են՝ նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տ. Սազանդարյանը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Մարումն իրականացրել են ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի երաժշտական միության նախագահ, մշակութային գործիչ, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: