Մոսկվայում վահաբիները ծեծի են ենթարկել ադրբեջանցիներին
Մոսկվայում վահաբիները ծեծի են ենթարկել ադրբեջանցիներին,-հաղորդում է իրանական «Անաջ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, հղում կատարելով ադրբեջանական «Լենտ.ազ» կայքին, տեղեկացնում է, որ նախորդ գիշեր Մոսկվայի մզկիթի շրջակայքում վահաբիներից կազմված 30 հոգանոց խումբը հարձակվել է շիական «Հոսեյնի» սգո արարողությանը մասնակցած ռուսաստանաբնակ շիա ադրբեջանցիների վրա՝ խոչընդոտելով նրանց մուտքը մզկիթ: Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանությունը:
Հավելենք, որ «Անաջ» գործակալությունն օրերս տեղեկացրել էր, որ Ադրբեջանը սահմանափակում է կրոնական ծեսերի կատարումը: Ըստ իրանական աղբյուրի՝ Ադրբեջանի կրոնական հարցերով կոմիտեի ղեկավար Մուբարիզ Ղորբանլին նախազգուշացրել է, որ Աշուրայի օրերին նախատեսված կրոնական ծեսերը պետք է կատարվեն բացառապես մզկիթներում, այլ վայրերում դրանց իրականացումը կդիտվի որպես օրենքի խախտում:
Ավելի վաղ Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին, անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մասնավորապես ասել էր. «Ադրբեջանի բնակչությունը քվեարկության ժամանակ պետք է ուշիմ լինի: Սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են կրոնական ծեսերի կատարումը և այդ գործընթացն ամենևին էլ ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիաներ են»: