Արմեն Ամիրյանի առաջին նախաձեռնությունը
«Սփյուռքից կադրերը հենց այնպես չեն գալիս, կադրերի գալու համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու մշակույթի նախարարությունը, որ Սփյուռքից մասնագետներ գան և աշխատեն Հայաստանում:
Նախարարն ասաց, որ սկսել են «Կինոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի հարկային դաշտը բարելավեն և դրսի համար հրապուրիչ դարձնեն այդ ոլորտը:
«Այս օրենքում փոփոխություններով մենք նախատեսում ենք նաև որոշակի հարկային արտոնություններ, պետական աջակցություն, որը կարծում եմ հենց սփյուռքում գործող կինոարտադրությամբ զբաղվող մեր հայրենակիցներին կշահագրգռի որպես ճիշտ բիզնես մոդել աշխատեցնելու հարցում, կշահագրգռի, որպեսզի կինոարտադրողները գան Հայաստան և Հայաստանում նկարահանումներ կատարեն: Դա ոչ միայն կինոարտադրությանը կխթանի, այլ նաև Հայաստանը կներկայացնի աշխարհի տարբեր հարթակներում», -նախաձեռնությունը ներկայացրեց նախարարը: