«Հեռավոր 1924 թվական՝ հողաշատ, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան»...Ազգային պատկերասրահի բացման մասին
Հայաստանի ազգային պատկերասրահում ընթանում է Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով: Արվեստաբան, թանգարանագետ և մտավորական Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է, երկար տարիների թանգարանային գործի հմուտ ղեկավար:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը գիտաժողովի բացմանն ունեցած ելույթում ասաց, որ նման միջոցառումը կարևոր իրադարձություն է հայ մշակույթի կյանքում, ինչը պետք է ազդադարի նոր փուլ արվեստաբանության, թանգարանագիտության ոլորտներում:
«Ռուբեն Դրամբյանի մասնագիտական և հավաքչական ունակությունների, թանգարանային աշխատանքի փորձի, մեծ նվիրումի շնորհիվ Սովետական միությունում Հայաստանի թանգարանը համարվում էր լավագույններից»,- նշեց Ա. Ծատուրյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարություններով, ահռելի ջանքերով, տիտանական աշխատանքով է Ռուբեն Դրամբյանը ստեղծել այս ամենը:
«Հեռավոր 1924 թվական՝ հողաշատ, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան, այդ Երևանում կերպարվեստի պետական թանգարանի բացում, տարօրինակ ու ուտոպիստական է կարծես թե թվում: Մեծ հայրենական պատերազմ, ամեն բան ռազմաճակատի համար կարգախոս, դժվար թե պատկերասրահի, պատկերասրահի խնդիրների մասին մտածելու ժամանակ ու միջոցներ լինեին: Բայց Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը, երազանքները շատ իրական էին, առարկայական: Այսպիսի նվիրյալ գործիչների, ազգային մտածողությամբ օժտված մարդկանց շնորհիվ է, որ այսօր ունենք պատկերասրահ, թանգարան, նման նվիրյալների շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք հպարտանալ մշակույթով, պատմությամբ, անցյալով»,- ասաց նախարարը:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ գիտաժողովի մասնակիցների շրջանում երևի միակն է, ով եղել է Ռուբեն Դրամբյանի ուսանողը, համարում է իր առավելությունը, որ մեկ տարի լսել է Դրամբյանի դասախոսությունը՝ ռուս արվեստի պատմություն:
«Հետագայում տեսել եմ արվեստի ինստիտուտում, գիտաշխատող էր: Միջավայրում տպավորությունն այնպիսինն էր, թե նա հայերեն չգիտի, որովհետև ռուսագիր, ռուսախոս էր: Բայց նա շատ լավ հայերեն գիտեր, 1955-56 թվականների ուսումնական տարվա ընթացքում ռուսական արվեստի պամությունը ներկայացրել է օրինակելի հայերենով: Պարզապես ամաչում էր հայերեն խոսել: Այդ մարդու մեջ կար մի տեսակ ամոթխածություն, շատ զուսպ էր, խոսում էր միջին տոնով, երբեք ձայնը չէր բարձրացնում: Մարդկանց հանդեպ վերին աստիճանի ուշադիր, բարեկիրթ, բարեշնորհ անձնավորություն էր»,- այսպես ներկայացրեց Դրամբյանին գիտության վաստակավոր գործիչը:
Շարունակելով նկարագրել իր դասախոսին, Հ. Հովհաննիսյանն ասաց, որ նրանից շատ բան է սովորել ու այսօր էլ կիրառում է իր գործում. «Քննություն ընդունելիս շատ մեղմ էր, անչափ մեղմ, ամաչում էր մարդուն հարց տալ: Ես էլ հիմա քննություն չեմ ընդունում, ասում եմ՝ ստուգարք թող լինի: Տեսա, որ դա է ճիշտ: Խստություն անող և ուսանողներին սարսափացնող դասախոսները ծայրագույն տգետներ են: Որքան մարդ գիտակ է, այնքան մեղմ է չիմացության հանդեպ»:
Հ. Հովհաննիսյանի խոսքով, այն, ինչ արեց Դրամբյանը Հայաստանի, հայ մշակույթի համար, անգնահատելի ծառայություն է:
«Մտավորական մարդն ու մշակույթի մարդը միշտ էլ այդպես պետք է լինի, որովհետև հոգևոր արժեքները ոչ մեկի անձնական սեփականությունը չէ, եթե անգամ նրա տանն է: Սա շատ լավ գիտի ամեն բարեկիրթ, մշակույթի մարդ: Տանը պահելը, ծախելը, ընդօրինակելը խորամանկ, գործնական մարդկանց գործն է»,- ասաց նա:
Հ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ռուբեն Դրամբյանի նման մարդկանց կարիք այսօր շատ կա:
Երկօրյա գիտաժողովի շրջանակում, Ռ. Դրամբյանի կյանքի, թանգարանային գործունեության, արվեստաբանության ասպարեզում ունեցած դերի, ինչպես նաև ժամանակակից թանգարանային ոլորտի զարգացման վերաբերյալ զեկույցներով հանդես կգան մի շարք գիտնականներ, թանգարանային ասպարեզի գործիչներ: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարները, տեղի կունենա արվեստագետի և հասարակական գործչի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը (հեղինակ՝ Իրինա Դրամբյան): Գիտաժողովի ավարտին` հոկտեմբերի 6-ին, Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա համերգով:
Ռուբեն Գրիգորի Դրամբյանը ծնվել է 1891 թ. հունիսի 29-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) ունևոր ընտանիքում։ Մանուկ հասակում կորցրել է ծնողներին և եղբոր հետ միասին դաստիարակվել ազգականների մոտ։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում, 1-ին գիմնազիայում, որն արծաթե մեդալով ավարտել է 1909 թ. և նույն տարում ընդունվել Պետերբուրգի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1910-11 թթ. ուսումն ընդհատվել է եղբոր հիվանդության պատճառով, ում հետ նա տեղափոխվել է Լայզեն (Շվեյցարիա)։ Եղբոր մահվանից հետո վերադառնալով Ռուսաստան՝ հաստատվել է Մոսկվայում, փոխադրվել Մոսկվայի Համալսարան, որն ավարտել է 1916 թ.։ Ապա զինվորական ծառայության է անցել նավատորմում. Պետրոգրադում ընդունվել է նավատորմի գարդեմարինների կուրսեր, որոնք ավարտելով, հաջորդ տարվա՝ 1917 թ. վերջին ուսումնական նավարկության է մեկնել Վլադիվոստոկից Ճապոնիա։ 1918 թ. զորացրվել է, իսկ 1919 թ. կրկին զորակոչվել նավատորմ, ուր մնացել է մինչև 1922 թ.՝ վարելով հրամանատարական տարբեր պաշտոններ (վերջինը եղել է «Победитель» էսկադրային ականակրի ղեկապետի պաշտոնը Բալթյան նավատորմում)։
Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին արվեստի նկատմամբ ծագած հետաքրքրությունը հատկապես բարեբեր հող գտավ Պետերբուրգում և Մոսկվայում 1910-20 թթ.։ Նա մտերմանում է բազմաթիվ ռուս նկարիչների, առանձնապես «Արվեստի աշխարհ» խմբավորման վարպետների՝ Ալեքսանդր Բենուայի, Սոմովի, Օստրոումովա-Լեբեդևայի, Դոբուժինսկու, Կուստոդիևի և շատ ուրիշների հետ։ Նույն այդ տարիներին սկսել է կազմել գեղանկարչական գործերի հավաքածու։
Զորացրվելուց հետո, 1923 թ. ընդունվել է Պետրոգրադի Ռուսական թանգարան իբրև գիտաշխատող, ուր պահոցային հավաքածուների վարիչի պաշտոնում աշխատել է մինչև 1924 թ. աշունը, երբ ստանալով Հայաստանի Լուսժողկոմի հրավերը՝ տեղափոխվել է Երևան և գլխավորել երեք տարի առաջ հիմնադրված Հայաստանի պետական թանգարանի գեղարվեստական բաժինը։
1924-ից սկսած, 27 տարի շարունակ, եղել է տնօրենը գեղարվեստական բաժնի հիման վրա ստեղծված Հայաստանի կերպարվեստի պետական թանգարանի, որը 1941 թ. վերանվանվեց՝ Հայաստանի պետական պատկերասրահ։ 1951 թ. ազատվել է տնօրենի պաշտոնից՝ մինչև 1954 թ. աշխատելով որպես ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժինների վարիչ։
Բոլոր այդ տարիներին կապը ռուսական երկու մայրաքաղաքների գեղարվեստական հասարակության հետ չի ընդհատվել։ Նա մտերիմ է եղել բազմաթիվ ռուս նկարիչների, արվեստաբանների, թանգարանային աշխատողների հետ, և այդ անձնական հարաբերությունները մեծապես նպաստել են նրա հավաքչական գործունեության հաջողությանը։ Մյուս կողմից, ակտիվորեն հետևել է նաև գեղարվեստական պրոցեսներին, հետաքրքրվել ժամանակակից հայ արվեստի զարգացմամբ (ինչն իր հերթին նպաստել է հայկական բաժնի կազմավորմանը) և մինչև 60-ականների սկիզբը եղել է, եթե ոչ միակ, ապա գոնե գեղարվեստական առաջատար քննադատը Հայաստանում։
1925 թվականից սկսած, հավաքչությանը զուգահեռ, ուսումնասիրել է հայ կերպարվեստը և այդ գիտահետազոտական աշխատանքը շարունակել է մինչև կյանքի վերջը։ 1943-1948 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ ԳԱ արվեստի սեկտորում որպես ավագ գիտաշխատող։ 1954-ից, թողնելով Պատկերասրահը, աշխատանքի է անցել այդ սեկտորում, իսկ 1958-ից, երբ այն վերակազմավորվեց Արվեստի ինստիտուտի, տարիներ շարունակ գլխավորել է կերպարվեստի և կիրառական արվեստի սեկտորները։ Ինստիտուտում աշխատել է մինչև 1981 թ.։
1940 թվականից արվեստի ընդհանուր պատմություն է դասավանդել Երևանի մի շարք բուհերոմ՝ Կոնսերվատորիայում, Պոլիտեխնիկական ինստիտուտում, Համալսարանում։ 1946-ից՝ Գեղարվեստի (հետագայում Գեղարվեստա-թատերական) ինստիտուտի հիմնադրումից ի վեր մինչև 60-ականների կեսերը ապագա նկարիչների և դերասանների համար վարել է ռուսական և սովետական արվեստի դասընթաց։
Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, բազմիցս ընտրվել է Միության վարչության անդամ, եղել արվեստաբանական բաժանմունքի նախագահ։ 1945 թ. արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման։
Ռ. Դրամբյանի գրչին են պատկանում մենագրություններ, նվիրված Ե. Թադևոսյանին, Մ. Սարյանին, Հ. Կոջոյանին, Հ. Գյուրջյանին և Ա. Բաժբեուկ-Մելիքյանին։ Բազում տարիներ է նվիրել XVII-XIX դդ. հայկական և հատկապես Հակոբ Հովնաթանյանի արվեստի ուսումնասիրությանը։
Ռուբեն Դրամբյանը մահացել է Երևանում 1991 թ. մարտի 10-ին։