Տիգրան Գյոկչյանն. «Ուրարտուն» նման է ձնագնդի»
Հոկտեմբերի 6-ին Երևանի «Ուրարտու» բասկետբոլի թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա1-ի խաղարկությունում՝ «Դինամո» մարզադահլիճում հյուրընկալելով «Ռյազանին»:
Որքանո՞վ է պատրաստ թիմը, նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են կատարվել և ի՞նչ խնդիրներ են դրված «Ուրարտուի» առաջ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, տնօրեն Արթուր Նազարյանն ու թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը:
Տիգրան Գյոկչյանը պատմեց, որ նախապատրաստական շրջանում թիմում որոշակի խնդիրներ են առաջ եկել, սակայն իրենք կարողացել են հաղթահարել դրանք և այժմ պատրաստ են մրցաշարի մեկնարկին:
«Վրաստանում անցկացրած ուսումնամարզական հավաքը ցույց տվեց, որ չնայած մրցաշրջանի մեկնարկն է, բայց մենք կարողացանք լավ հանդես գալ և 4 խաղում 4 հաղթանակ տոնել: Նախապատրաստական փուլերը, ցավոք, հստակ չեն եղել՝ կապված լեգեոներների ուշացումների հետ: Հարկավոր էր, որ նրանք ներկա լինեին, մարզվեին տղաների հետ, որպեսզի համագործակցությունը ճիշտ լիներ: Ամեն դեպքում՝ տղաները լավ մարզավիճակում են, ինձ մնում է լուծել տեխնիկական և տակտիկական հարցերը»,- ասաց մարզիչը:
Panorama.am-ի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունենք Սուպերլիգայի խաղարկությունից և որ Տիգրան Գյոկչյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ նպատակ ունի հայկական բասկետբոլը զարգացնել և հասցնել նոր մակարդակի, որքանո՞վ է հաջողվել մոտենալ նպատակի իրագործմանը, գլխավոր մարզիչը պատասխանեց.
«Չեմ ցանկանում մեծ-մեծ խոսել, բայց սկզբում ստեղծեցինք հավաքականը, հիմա էլ՝ «Ուրարտու» ակումբը, իմ կարծիքով՝ դա արդեն մեծ հաջողություն է: Իմ թիմը ես համեմատում եմ ձնագնդի հետ: Հիմա մենք ունենք փոքրիկ ձնագնդիկ, թարմ ձյան վրա գլորելով այն կամաց-կամաց կմեծանա՝ իր հետ հավաքելով դրական և բացասական էներգիա: Իմ ձնագունդը կհավաքի նոր խաղացողներ, նոր հովանավորներ, նոր համակիրներ ու այդպես կշարունակի մեծանալ:
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա նպատակը մեծ է մրցանակային եռյակում տեղ զբաղեցնելու, սակայն գիտակցում ենք, որ Սուպերլիգայի խաղարկությունում հանդես են գալիս շատ ուժեղ թիմեր՝ ուժեղ կազմերով: Միշտ ձգտել եմ, որ հաղթենք: Հիմա էլ ամեն ինչ կանենք հնարավորինս լավ հանդես գալու համար: Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր խաղը»,- ասաց Գյոկչյանը:
Թիմի տնօրեն Արթուր Նազարյանը խոսեց կազմակերպչական աշխատանքներից և հույս հայտնեց, որ հաջորդ տարի «Ուրարտուի» անմիջական օգնությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին:
«Ինչպես գիտեք, ակումբը ստեղծվել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի բազայի վրա, ուստի ֆեդերացիան ամբողջությամբ ներգրավված է կատարվող աշխատանքներին: Մեր հիմնական նպատակն այն է, որ մյուս տարվանից Հայաստանի հավաքականը մասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին: Դրա համար անհրաժեշտ է ունենալ մարտունակ թիմ, որն ընտրանուն պատշաճ կերպով կապահովի խաղացողներով:
Նշեմ, որ Սուպերլիգային մասնակցում են 13 թիմեր, որոնցից միայն «Ուրարտուն» է հայկական, մնացած բոլորը ռուսական թիմեր են»,- ասաց Նազարյանը:
Թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը խոստովանեց, որ թիմը լիարժեք պատրաստ չէ, սակայն իրենք տրամադրված են լավատեսորեն և ունեն երկրպագուների աջակցության կարիքը:
«Ներկա պահին 100 տոկոսով պատրաստ չենք, բայց տնային հանդիպումները շատ կարևոր են մեզ համար:Մենք կկարողանանք ցուցադրել մեր ունակությունները: Մեծ է ցանկությունը, որպեսզի հանդիպումներն անցնեն լեփ-լեցուն տրիբունաներում, ուստի ակնկալում ենք երկրպագուների աջակցությունը:
Վրաստանում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում վատ հանդես չեկանք, հաղթեցինք բոլոր խաղերում: Հաղթեցինք այն թիմին, որը Վրաստանում 2-րդն է: Ինչպես խաղահրապարակում, այնպես էլ դրա սահմաններից դուրս մեզ մոտ տիրում է ջերմ ու ընկերական մթնոլորտ: Մեզ համար լավ պայմաններ են ստեղծված, մնում է լավ արդյունք ցուցադրենք, խաղանք ու հաղթենք: 5 տարի հանդես եմ եկել Սուպերլիգայում, լավ ծանոթ եմ թիմերից յուրաքանչյուրին և վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի հանդիպում հեշտ չի լինելու»,- ասաց Ամիրխանովը:
Հավելենք, որ հոկտեմբերի 6-ին և 9-ին «Ռյազանի» և «Սամարայի» հետ նախատեսված հանդիպումները կկայանան «Դինամո» մարզադահլիճում, քանի որ նախապես պլանավորած «Միկայում» վերակակառուցման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Նոյեմբերից «Ուրարտուն» տնային հանդիպումները կանցկացնի հենց «Միկա» մարզահամալիրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա