Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում. «ICANN» կազմակերպության փոխնախագահ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 5-ին մասնակցել է Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ նախարարը նշե է, որ Ինտերնետ կառավարման հայկական համաժողովը պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների արդյունավետ համագործակցության լավ օրինակ է:
«Վստահ եմ, որ այս համաժողովի շրջանակներում մեկտեղված Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներուժը լայն հնարավորություններ կտա նոր գործնական կապեր ստեղծել, դրանք ամրապնդել և հաստատել, նոր դռներ բացել միջազգային առաջադեմ փորձը ներգրավելու համար։ ՀՀ կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը և այս ոլորտի առանցքային բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը»,- նշել է Վ. Մարտիրոսյանը։
Համաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մասնակիցների թվում են «ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
«ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևն ընդգծել է, որ Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում և հույս հայտնեց, որ հայ հետազոտողները, մասնագետներն ու գործարարներն ավելի ակտիվ կներգրավվեն այս ոլորտում: «Անցած տարվա մեր գործունեությունը շատ բարեհաջող էր, ակնկալում ենք, որ այս տարի ևս այն կունենա դրական արդյունքներ»,- նշել է Մ. Յակուշևը:
Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկի խոսքերով էլ`պետք է առաջ մղել ինտերնետի ներթափանցումը հասարակության բոլոր շերտեր:
Անդրադառնալով համաժողովի օրակարգին և քննարկմանը ներկայացված թեմաներին՝ «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշել է, որ դրանք ընտրվել են ինտերնետ հանրության կողմից՝ եռամսյա քննարկումների արդյունքում։
Թեմաները բազմազան ու տարաբնույթ են։ Երկօրյա համաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ «ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները», «Սոցիալական ցանցերը՝ որպես բիզնես գործիք», «Անձնական տվյալների պաշտպանության կիրառումն առօրյայում» և այլ թեմաներով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան