«Միշտ իմ առջև նպատակ եմ դրել` առողջ և գիտակից սերունդ դաստիարակել». տարվա լավագույն դաստիարակ
Տարվա «Լավագույն դաստիարակը» Գեղարքունիքի մարզի Սևանի «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակչուհի Նարինե Հարությունյանն է, որ արդեն 12 տարի է աշխատում է փոքրիկների հետ:
«Երեխաների հետ աշխատելն ուրիշ, անբացատրելի հաճելի ու դժվար աշխատանք է: Նրանից յուրաքանչյուրն անհատականություն է՝ արժանի հատուկ ուշադրության ու վերաբերմունքի: Այս տարիների ընթացքում նկատել եմ, որ երեխաներն ավելի հետաքրքրասեր ու զարգացած են դարձել, ուզում են ամեն ինչ իմանալ, ամեն մի մանրունքի մեջ խորանալ: Հպարտանում եմ իմ նախկին սաներով, երբ լսում եմ դպրոցում ունենած նրանց հաջողությունների ու բարձր առաջադիմության մասին: Միշտ իմ առջև նպատակ եմ դրել` առողջ և գիտակից սերունդ դաստիարակել»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց դաստիարակչուհին՝ ընդգծելով, որ իրենց մանկապարտեզում սաների թիվն ավելացել է:
Նարինե Հարությունյանի խոսքով մանկապարտեզի թիվ մեկ խնդիրը վերանորոգումն էր, որն արդեն սկսվել է:
«Լավագույն տնօրեն» կոչմանն էլ արժանացավ 31 տարվա մանկավարժական փորձ ունեցող Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:
«Դպրոցի դեմքն ուսուցիչն է, աշակերտը, ծնողը, իսկ տնօրենը դարձել է մենեջերի նման բան: Հպարտանում եմ նոր սերնդով, այնքան պրպտող են: Պետք է գնահատել նրանց քննադատական մտածելակերպը, մոտեցումներն ու գաղափարներ»,-ասաց Ա. Խոսրովյանը:
Նշենք, որ թիվ 20 դպրոցը 2007 թվականից ներառական կրթություն է իրականացնում, դպրոցում սովորում է 662 աշակերտ, որոնցից 69 կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներ են:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ուսուցիչներին, նշեց, որ ուսուցիչը Հայաստանում երևի ամենապահանջված մասնագիտությունն է:
«Ուսուցիչները կատարում են մեր երկրի անկախության բազայի հենքի ստեղծման կարևոր մի գործառույթ: Ուոսւցիչը նախ և առաջ առաքելություն է. այս իմաստով` այն, որ հասարակությունն ամեն տարի կարևորում է ուսուցչի աշխատանքը` նրանց պարգևատրելով, կարևոր է: Այսօր ինֆորմացիոն դաշտը շատ մեծացել է և շատ հեշտ է գիտելիք ձեռք բերել տարբեր միջոցներով, այս առումով` ուսուցչի դերակատարումը մեծանում է դաստիարակության, հայրենասիրության, ժամանակակից աշխարհի քաղաքակրթության հենքային ձևաչափեր փոխանցելու իմաստով, երեխաներին սովորեցնելով` դասակարգել առաջնային ինֆորմացիան երկրորդականից»,-ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր աշխատանք, ինչպես նաև ուսուցչի աշխատանքը պետք է մոտիվացիա ունենա, հասարակության կողմից այդ մոտիվացիան հարգանքի դրսևորումն է, որ միշտ ունեցել են ուսուցիչները:
Տարվա «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթողներին նվիրեցին ավտոմեքենա, իսկ «Լավագույն տնօրեն»-ին` համակարգիչ:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ ավանդության՝ ավտոմեքենա տարվա լավագույն ուսուցչին
- Տարվա լավագույն ուսուցիչն և դաստիարակը հայտնի կդառնան հոկտեմբերի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները