Հսկա որդու ծննդյան լուրն իմացած հայրը ճանապարհ է ընկել դեպի տուն
Տավուշում լույս աշխարհ եկած հսկա նորածնի հայրը Ռուսաստանից մեքենայով ճանապարհ է ընկել, վաղը Ազատամուտ կհասնի, որդու դուրսգրմանն ինքն էլ ներկա կլինի, հետո նորից արտագնա աշխատանքի կմեկնի:
Աչաջուրի առողջության կենտրոնում ծնված 5 կգ 230 գրամ է քաշով ու 57 սմ հասակով տղային Տիգրան են կոչել:
Երեխայի տատը՝ Գալյա Եգանյանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դուստրն ու թոռն իրենց լավ են զգում, քիչ առաջ է տեսել, ամեն բան կարգին է:
«Էրեխեն լավ, ինքը՝ լավ: Երեխայի հայրն էլ է մեծ քաշով ծնվել, ասում են՝ 5 կիլո է եղել»,-ասաց տատը:
Կոնսուլտացիայի ընթացքում բժիշկները կասկածում էին, որ զույգ երեխաներ են ծնվելու:
«Փորը շատ մեծ էր, էխո արեցին, կասկածեցին: Բժիշկները շատ զարմացած են, վաաայ, հիացած: Նման բան ոչ տեսած են, ոչ էլ լսած»,-ուրախացած ներկայացրեց տատը:
Ընտանիքում Տիգրանը երկրորդ երեխան է, նրա ավագ եղբայրը՝ Վահեն լույս աշխարհ է եկել 3 կգ 900 գ քաշով:
Հղի կինը սնվելու հետ կապված գաղտնիքներ չունի:
«Մենք իրա համար եփել ենք, թափել, ամեն բան էլ կերել է»,-ասաց տատը: