ՀՀԿ-ն՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Հայկական վերածնունդ»-ի համագործակցության մասին
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր անելիքները քաղաքականության մեջ, կուզի կոալիցիա կկազմի, կուզի չի կազմի։ Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցույթյունների համագործակցության մասին տեղեկությունը։
Նրա խոսքով, վանաձորցիներին անհրաժեշտ է հստակ ժամկետներում ունենալ քաղաքապետ, ավագանի, որը «կաշխատի ոչ թե այս կամ այն կուսակցության շահերը սպասարկելու համար, այլ վանաձորցու մատից փուշ հանելու համար»։
Հարցին, թե ՀՀԿ-ի համար կորո՞ւստ կլինի, Շարմազանովը պատասխանեց, որ ավագանու անդամի ընտրություններում նման վիճակը չի կարող ազդել խորհրդարանական ընտրությունների վրա։
«Այդ ընտրությունները տարբեր են, ունեն այլ յուրահատկություններ, ուստի կարծում եմ, որ չպետք է հուսահատվեն այն քաղաքական կուսակցությունները, ովքեր քիչ ձայն են հավաքել, չպետք է չափից շատ ոգևորվեն այն քաղաքական կուսակցությունները, այդ թվում նաև՝ մենք, ովքեր բավական լուրջ ձայներ են հավաքել։ Ամեն ինչն իր հերթին», -հավելեց Շարմազանովը։
Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը այսօր երեկոյան հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ որոշել են Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։
Ընտրությունների նախնական արդյունքներով, Հանրապետական կուսակցությունը ստացել է 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ։ ՀՅԴ-ն կոալիցիայի շրջանակներում, Վանաձորի ավագանիում նույնպես կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան