Գերմանաբնակ սաքսոֆոնահարը Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի բացման համերգում
Գերմանաբնակ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը Հայաստանում է՝ մասնակցելու Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի բացման համերգին, որը կայանալու է այսօր։ Երաժիշտը կատարելու է համաշխարհային պրեմիերա՝ Դեվիդ Դե Բուր Քենֆիլդի «Կոնցերտ Արամ Խաչատրյանի» թեմաներով սաքսոֆոնի և նվագախմբի համար:
Panorama.am-ի հետ զրույցում սաքսոֆոնահարն ասաց, որ կոնցերտի մեջ Խաչատրյանից կան մի քանի թեմաներ, խաչատրյանական ռիթմիկ ստրուկտուրաներ։ Նրա գնահատմամբ՝ Խաչատրյանի թեմաներով ամերիկացի կոմպոզիտորի գործը շատ հետաքրքիր է։
Խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Հայրապետ Առաքելյանն ասաց, որ առաջին անգամ այս կոլեկտիվի հետ հանդես է եկել 5 տարի առաջ՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգում։
«Եվ այդ ժամանակից սկսած՝ հետևում եմ նվագախմբի և նրա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հաջողություններին, որոնք մեծ ներդրում ունենեն հայ մշակույթի մեջ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եմ ստացել ելույթ ունենալ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի բացման համերգին»,- հավելեց սաքսոֆոնահարը։
Հայրապետ Առաքելյանը հետևում է Հայաստանի մշակութային կյանքին, նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում այն զարգանում է. «Հայաստանում ծնվել են բազմաթիվ փառատոներ, նոր գաղափարներ, հրավիրվում են բարձրակարգ մենակատարներ, նվագախմբեր ու դիրիժորներ, իսկ ունկնդիրն էլ բաց է նոր երաժշտության, նոր ուղղությունների համար»։
Հայրապետ Առաքելյանը սաքսոֆոնահարների բազում միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր է: 2009թ-ին հաղթել է Bundeswettbewerb Jugend Musiziert երիտասարդ երաժիշտների դաշնային մրցույթում և արժանացել Deutsche Stiftung Musikleben-ի հատուկ մրցանակի: Ավելին, 2009թ-ին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում Senioren-Union der CDU-ի կողմից արժանացել է հատուկ մրցանակի «Երիտասարդ երաժշտական սերունդ» անվանակարգում: Որպես մենակատար՝ Առաքելյանը ներկայացել է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի պետական կամերային նվագախումբը, Պոզնանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆոլկվանգի կամերային նվագախումբը, Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցի նվագախումբը և այլն:
Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից կազմակերպվող Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնի մեկնարկը տրելու է Արամ Խաչատրյան համերգասրահում «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով: Բացման հանդիսավոր արարողության շրջանակներում համերգասրահի նախասրահում տեղի կունենա Միջազգային ֆոտոմիության կողմից կազմակերպված և ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ազատություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-փառատոնի լուսանկարների ցուցադրություն և հաղթողների պարգևատրում:
Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: