Նախորդ տարվա համեմատ Հայաստանում 9 տոկոսով ավելացել է թմրամոլների թիվը
«Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես թմրամոլությունն ունի աճի միտում, ինչը չեն կարողանում կանգնեցնել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը՝ նշելով, որ այդ աճի կանգնեցման մասին հայտարարած միակ երկիրը Շվեդիան է:
«Նախորդ տարվա համեմատ՝ 9 տոկոսով ավելացել է թմրամոլների թիվը: Այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով 5828 թմրամոլ է հաշվառված, որոնցից 88-ը կանայք են: Իսկ ըստ USAD-ի և տեղական փորձագիտական ուսումնասիրություններով՝ մեզ մոտ 30 հազար թմրամոլ կա: Պաշտոնական տվյալները կազմվել են նարկոլոգիական ծառայության դիմած և իրավական մարմինների տեսադաշտում հայտնված մարդկանց թվաքանակի հիման վրա»,-ներկայացրեց մասնագետը՝ հավելելով, որ այն տարածված է 25-45 տարեկանների շրջանում:
Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ համեմատած Հայաստանը գտնվում է ամենաբարվոք վիճակում, սակայն դա չի նշանակում, որ լավ վիճակում է. «Երբ լինում են միջազգային հանդիպումներ թմրամոլության վերաբերյալ և մենք խոսում ենք 30 հազարի, ապա վրացիները խոսում են 400 հազարի մասին»: