Սերժ Սարգսյան. Կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է
Կառավարության նիստն այսօր մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նորանշանակ նախարարներին ուղղված շնորհավորական խոսքով:
«Շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու՝ ավելի ստույգ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ և մաղթում եմ ձեզ հաջողություն: Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասախատվության մասին, որ դուք ստանձնել եք»,-դիմելով գործադիր մարմնի անդամներին՝ ասաց ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարն ընդգծեց՝ ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է:
«Եվ աշխարհում, և տարածաշրջանում, և Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ: Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնն ու ունենալ զարգացում»,-ասաց երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը:
«Իմ համոզումն է և աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ ու ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Կարծում եմ, մեր հասարակությունն էլ նույն ակնակալիքներն ունի: Մեր տնտեսության, և ընդհանրապես հասարակության ներուժն ավելի կազմակերպված ու նպատակային աշխատանքի մեջ է»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին