Հալեպում հրթիռակոծությունների թիրախում հայտնված հայերի ճակատագիրը կառավարությանն ու ԱԳՆ-ին չի՞ հետաքրքրում. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. «Երեկ կրկին հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը։ Հրթիռակոծությունից զոհվել են 1986թ. Ծնված Գասպար Շատոյանը և 1987 թ. Ծնված Մովսես Մովսիսյանը։ Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը։ Սփյուռքի հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերը հայկական թաղամասերը պաշտպանող հայորդիներ էին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից սկսած ահաբեկիչները ռմբակոծության տակ են պահում Սիրիայի հայաբնակ թաղամասերը։ Այս մի քանի օրերի ընթացքում հայերի շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ Վիրավորների ու ծանր վիրավորների թվերը մի քանի տասնյակ են։
Եվ չնայած սրան՝ Հալեպում հրթիռակոծությունների թիրախում հայտնված հայերի տարհանման հարց Հայաստանի կառավարությունը չի քննարկում։ Հայաստանը բավարարվել է երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն առաքելով Սիրիա:
Երեկ վիրտուալ հարթակում բազմաթիվ հանրային հայտնի դեմքեր պահանջում էին իշխանություններից անհապաղ կազմակերպել հայերի տարհանումը հրթիռակոծվող թաղամասերից։ Չնայած այս ամենին՝ ՀՀ կառավարությունն ու արտգործնախարարությունը երեկվա դրությամբ լուռ էին»։