Հասարակությանը մատուցվող ծառայությունների հարցը կառավարությունում է
Պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ որոշակի ուսումնասիրություններ են կատարել և, ելնելով դրանից, հնչեցրեց հերթական հանձնարարականը. «Կարծում եմ՝ ակտուալ է հետևյալ հանձնարարականը: Հանձնարարում եմ՝ ընդունել ի գիտություն, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն, և օրենսդրական նախագծերի տեսքով ներկայացվող նոր կարգավորումներում հաշվի առնել այս հանգամանքը»:
Երկրորդ, ըստ Կարեն Կարապետյանի, բնակչությանն այս ծառայությունները թե ժամանակի, թե տարածության, թե որակի առումով հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով պետք է ուսումնասիրել և արդարադատության նախարարություն ներկայացնել գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ նկարագրելով յուրաքանչյուր ծառայության մատուցման գործընթացը և պահանջվող փաստաթղթերը:
Այնուհետև վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին՝ ամփոփել պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:
«Որպես այլընտրանքային լուծում՝ առաջարկում եմ դիտարկել նաև որոշակի գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորությունը»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին էլ հանձնարարեց՝ նշված խնդիրների լուծման նպատակով երկօրյա ժամկետում ձևակերպել առանձին հանձնարարականներ՝ նշելով կատարման պատասխանատուներին և ժամկետները:
«Մենք պետք է քաղաքացիների համար ստեղծենք առավել բաց, թափանցիկ հրապարակ, որտեղ նրանք պետական ատյաններից կարճ ժամկետում կստանան իրենց պատասխանները»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների գործընթացները շատ դեպքերում անհարկի բարդ են և քաղաքացիների համար առաջացնում են ժամանակի և ռեսուրսների զգալի վատնում:
«Գործող համակարգը այնպիսին է, որ որոշակի ծառայություններ ստանալու համար անձը պետք է փաստաթղթեր ներկայացնի մի քանի մարմիններից: Մինչդեռ պետական մարմնի համար անհրաժեշտ տեղեկությունները կարելի է հասանելի դարձնել էլեկտրոնային կառավարման համակարգում, որի կայացման ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իսկ կատարված են»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին