Իլյա Մազյա. Իսրայելում մեծ հետաքրքրություն կա դուդուկի հանդեպ
Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Իսրայելից Շում տրիոյի համերգով մեկնարկելու է Երևանի դուդուկի փառատոնը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի հիմնադիր, «Music of Armenia» ընկերության տնօրեն Հասմիկ Մովսիսյանը: Ըստ նրա, Երևանի դուդուկի ամենամյա փառատոնի նպատակն է շարունակաբար զարգացնել դուդուկի երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես, պահպանել և խթանել դուդուկի ժառանգությունը: Հ. Մովսիսյանի խոսքով՝ փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրում է մի հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:
Շում տրիոյի անդամ Իլյա Մազյան ասաց, որ 25 տարի առաջ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Երուսաղեմ. «Քաղաքի տարբեր հատվածներից լսում էի տարբեր երաժշտություններ, ինչ-որ պահի հետաքրքվել եմ ազգային, արևելյան, տարբեր եկեղեցիների երաժշտությամբ, լսել եմ Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակը ու զգացել, որ ինձ բավականին հոգեհարազատ է հայկական երաժշտությունը»:
«Լսում էի հայկական երաժշտություն և կարծես մի քիչ իմն էր: Որոշեցի ծանոթանալ, թե ինչ գործիք է դուդումը: Իմ ծանոթ հայուհուն, ով Երևան էր գալիս, խնդրեցի ինձ բերել գործիք: Սկզբում ոչ մի բան չէր ստացում: Դաղստանից մի հայ ուսուցիչ գտա, հետո գտա հայ ուսուցչի: Երկու անգամ եղել եմ Հայաստանում: Եղել են պահեր, երբ ուզում էի մի կողմ դնել, քանի որ ոչ մի բան չէր ստացվում»,- հիշեց նա:
Իլյա Մազյան նշեց, որ խմբով համերգներ են ունենում Իսրայելի տարբեր քաղաքներում, առաջին անգամ են ելույթ ունենալու Իսրայելի սահմաններից դուրս: Ըստ նրա, Իսրայելում մեծ հետաքրքրություն կա դուդուկի հանդեպ, կան կոնկրետ մարդիկ, ովքեր գալիս են իրենց համերգներին՝ լսելու հենց դուդուկ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջոցառումների համակարգող Մարիա Հովսեփյանի խոսքով՝ արդեն մի քանի տարի է համագործակցում «Music of Armenia»-ի հետ, որը Հայաստանում ներկայացում է տաղանդավոր երաժիշտների:
ՀԲԸՄ-ի մշակութային ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանն ասաց, որ ուրախ են իրենց ներդրումն ունենալ նման փառատոնի կայացման գործում:
Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն ելույթ է ունենալու «Ծիրանիե անսամբլ (Հայաստան), հոկտեմբերի 9-ին Մեգերյան Կարպետում՝ « Դը Բրդսե (Հայաստան) խումբը: