Սլովակիան շահագրգիռ է ընդլայնելու Հայաստանի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունը
«Կառավարությունը բաց է համագործակցության համար, պատրաստ քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը վերաբերող առաջարկություններ»,-այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ ակեպրի վարչության փոխանցմամբ, անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացման ներդրումային նախագծերին, Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված սերտ փոխգործակցությունը:
Պատվիրակության կազմում գտնվող Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դանա Մեագերը նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է ընդլայնելու Հայաստանի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունը և ընդգծել, որ Սլովակիան պատրաստ է նպաստել նաև ՀՀ-ԵՄ գործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է EU-Asia Business Finance Center Holding-ի ներդրումային ծրագրերի ընդհանուր փաթեթը՝ համագործակցության եզրերը որոշակիցնելու նպատակով: