Խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում. Ռոբերտ Մակարյան
Աղավնաձորում նախորդ տարվա մթերած խաղողի դիմաց պարտքերը գրեթե ամբողջովին վճարվել են, մնացել են մի քանի հոգի, որոնց պարտքը մինչև շաբաթվա վերջ կվճարվի: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նշենք, որ մթերված խաղողի գումարները գյուղացիներին չէր վճարել «Վեդի Ալկո» ընկերությունը:
Հարցին, թե ինչպես կարողացավ ընկերությունը վճարել գյուղացիներին, փոխանախարարն ասաց. «Սպիրտ ուներ, վաճառեց ու պարտքերը մարեց»:
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում, որը կներկայացվի հանրությանը:
Ինչ վերաբերում է այս տարի Աղավնաձորում խաղողի մթերմանը, փոխնախարարն ասաց, որ պայմանավորվածություն կա մթերողների հետ, հիմա պետք է գյուղացիների հետ մթերման գնի շուրջ պետք է բանակցեն:
«Այսինքն՝ այս տարի խաղողի մթերման խնդիր չի լինի»,- նշեց նա:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում մթերվել է 90 հազար տոննա խաղող, մթերման գործընթացը շարունակվում է և խնդիրներ չեն լինի:
«Վճարումների մասով ևս կլինեն նորություններ, այսինքն՝ կաշխատենք, որ վերամշակող ընկեությունները վճարումներն ամենակարճ ժամանակահատվածում ավարտեն»,- ընդգծեց Ռոբերտ Մակարյանը:
Հարցին, թե ինչ փոխվեց, որ նախորդ կառավարության ժամանակ չէր ստացվում խնդիրը կարգավորել, գյուղատնտեսության փոխնախարարը պատասխանեց. «Վերամշակող ընկերությունների ֆինանսական վիճակը: Հիմա լուծումներ, մեխանիզմներ են առաջարկվում, որոնք ձեռնտու են վերամշակողներին»:
Իսկ թե խոսքը ինչ լուծումների մասին է, Ռոբերտ Մարկարյանը մեկ անգամ ևս նշեց, որ այժմ ծրագիրը վերանայում են և առաջիկայում այն կներկայացնեն: