«Անգամ ոչ-ոքին մեզ համար դարձել է երազանք». Հայաստան-Ռումինիա՝ ՖԱՖ-ի անդամների կարծիքները
Հոկտեմբերի 8-ին և 11-ին ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը կչափի Ռումինիայի և Լեհաստանի ընտրանիների հետ:
Բազմիցս խոսվել է հավաքականի ներկա խնդիրների մասին, բայց որքան էլ մեր ազգային թիմն անհաջող մրցելույթներ ու կադրային խնդիրներ ունենա, միևնույն է, հավաքական հրավիրված ու տվյալ հանդիպումներին հանդես եկող ֆուտբոլիստների ցանկությունը մեկն է՝ տեսնել լեփ-լեցուն տրիբունաներ, նայել երկրպագուների հավատացող աչքերին…
Հայկական առաջին ճակատ ֆան շարժումը մշտապես հավաքականի կողքին է տնային և արտագնա հանդիպումներում: ՖԱՖ-ի անդամները երկար տարիներ ընտրանու կողքին են թե հաղթանակի, թե պարտության դեպքում:
Իրական երկրպագուն պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և իր հարազատ թիմին հավատարիմ մնալ. այսպես են մտածում ՖԱՖ-ի անդամներն ու իրենց ներկայությամբ ոգեշնչում են խաղադաշտում գտնվող մեր տղաներին:
Panorama.am-ի հետ զրույցում ՖԱՖ-ի անդամները խոսեցին առաջիկա հանդիպումից իրենց ակնկալիքների մասին՝ մեկ անգամ ևս փաստելով, որ թեև հաղթանակի հասնելու հույսերը, ցածր են, բայց, ինչպես ասում են, «հույսը վերջինն է մեռնում»…
Սերգեյ Ջանջոյան.- Երկու խաղին էլ պատրաստվում ենք գնալ, բայց սպասելիք կոչվածը քիչ է: Հավաքականի խաղը դիտելուց երկրպագուներն այժմ ոչ թե հաճույք են ստանում, այլ տանջվում են: Կազմին նայելով կարելի է ենթադրել, որ հիմնականում պաշտպանվելու ենք, իսկ հրավիրված հարձակվողներից երկուսը հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում, 3-րդը՝ Կադիմյանը, փոխարինման է դուրս գալիս «Մետալիստի» կազմում: Ընդհանուր առմամբ՝ խնդիրները շատ-շատ են և հնարավոր չէ առանձնացնել առանձին ֆակտորներ:
Դավիթ Եղիշյան.- Ընտրական այս փուլի 2-րդ հանդիպումն է և ասել, որ դիմակայության արդյունքը կորոշի ընտրանու հետագա ճակատագիրը՝ սխալ է: Հայաստանի հավաքականի ճամբար տարբեր պատճառներով չեն եկել մեր առաջատարներ ֆուտբոլիստների մեծամասնությունը: Հենրիխ Մխիթարյանի կորուստն ամենացավոտն է, նրա խաղը շատ բան է փոխում: Հենրիխը վերականգման փուլում է, սակայն ՀՖՖ-ի ու Մխիթարյանի մեծ ցանկության դեպքում կարող էր գալ և խաղալ թեկուզ 20 րոպե: Առանց մեր առաջատարների ու մեր ավագի՝ հաղթանակի հասնելու հույսերը, իհարկե, ցածր են, սակայն ինչպես ասում են «հույսը վերջինն է մեռնում»: Միշտ հաճախել եմ մարզադաշտ, մեր հավաքականին երկրպագելու ու նրա հաղթանակը տեսնելու ակնկալիքով և այս անգամ էլ այդպես կլինի:
Վաչե Մանուկյան.- Հայաստան-Ռումինիա խաղից ակնկալում եմ գրեթե դատարկ մարզադաշտ՝ հաշվի առնելով տոմսերի արժեքները: Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, ինչպես նաև հավաքականի, մեղմ ասած, անհաջող մրցելույթներից հետո կարող եմ միայն ենթադրել, որ բավական բարդ դիմակայություն է սպասվում: Բացի Մխիթարյանից բացակայում են մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին օգնել ընտրանուն: Օրինակ՝ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը: Ինչ վերաբերում է մեզ, ապա հանդիպման համար պատրաստել ենք նոր վանկարկումներ: Ամեն բան կանենք՝ հնարավորության սահմաններում մեր ընտրանուն աջակցելու համար: Հուսով ենք՝ գոնե դա կօգնի տղաներին:
Արսեն Զաքարյան.- Հասկանալի պատճառներով բարդ խաղ է սպասվում: Կորուստները մեծ են, իսկ որոշ խաղաղողներ, ովքեր կարող էին հրավիրվել հավաքական և ուժեղացնել կազմը, չեն հրավիրվել տարբեր պատճառներով: Ամեն դեպքում՝ պետք է հուսալ, որ հրավիրված ֆուտբոլիստներն ավելի մեծ եռանդով ու ոգևորվածությամբ կգործեն և կկարողանան դրական արդյունքի հասնել:
Կարեն Մսրյան.- Դժվար կլինի մեզ համար առանց Մխիթարյանի, բայց ես հույս ունեմ, որ գոնե չենք պարտվի: Տնային հանդիում է, ինչպես ասում են` տան պատերը նույնպես օգնում են: Երկրպագուների աջակցությունը նույնպես կխթանի, որպեսզի հավաքականը լավ հանդես գա: Պետք է տղաներին օգնենք, որ հաջող հանդես գան:
Խաչիկ Թադևոսյան.- Չեմ կարող նշել, որ բուն խաղից մեծ ակնկալիքներ կան՝ հաշվի առնելով վերջին շրջանում ստեղծված անհեռանկարային իրավիճակը: Կան բազմաթիվ դրդապատճառներ ենթադրելու, որ խաղի տրամաբանական ընթացքը դրական ոչինչ չի տա: Բնականաբար, հասկանալի է Մխիթարյանի բացակայության հետ կապված աղմուկը, սակայն իմ խորին համոզմամբ՝ անգամ նրա ներկայության պայմաններում շանսերն էական աճ չէին ունենա: Վարուժան Սուքիասյանը ստիպված կլինի շտկումներ անել խաղային մոդելի ու մարտավարության մեջ, սակայն, կրկնվում եմ, դրանք խաղի հնարավոր արդյունքի վրա առարկայական փոփոխություններ չեն ունենա: Չնայած հասարակության մեջ առկա բացասական տրամադրություններին և խաղը բոյկոտելու կոչերին, մենք ընտրել ենք այլընտրանքային մոտեցում և լավ ենք նախապատրաստվել խաղին՝ պատրաստելով երկրպագման նոր էլեմենտներ, մշակելով հները և ավելացնելով մեր շարքերը՝ նվիրված տղաներով: Անկախ ամեն ինչից՝ իրական երկրպագուն պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և իր հարազատ թիմին հավատարիմ մնալ:
Անի Մարգարյան.- Սպասում եմ խաղին ինչպես միշտ` անհամբեր ու հաղթանակի ակնկալիքով, այն ինչ արդեն վաղուց հեռավոր անցյալում է մնացել: Ես ևս շատերի նման հիասթափված եմ ֆեդերացիայից, մարզչական շտաբից: Նման ճգնաժամային իրավիճակում մենք ունենք Յուրա Մովսիսյանի, Գևորգ Ղազարյանի, Ռոբերտ Արզումանյանի կարիքը, առավել ևսՄխիթարյանի բացակայության պայմաններում: Հիմա արդեն անգամ ոչ ոքին է դառնում մեզ համար երազանքի նման մի բան: Մխիթարյանը գոնե պետք է ներկա գտնվեր խաղին, չէ որ հավաքականի ավագի ներկայությունն արդեն իսկ կոգևորեր ֆուտբոլիստներին ու մի ամբողջ ազգի: Բացի այդ, ֆեդերացիան հոկտեմբերի 8-ին պարտավոր էր բացել «Հանրապետական« մարզադաշտի դարպասները, որովհետև ավելի վատ չի լինում: Ամեն դեպքում կոչ եմ անում բոլոր երկրպագուներին` եկեք միասին գնանք մարզադաշտ, ֆուտբոլիստները մեր աջակցության կարիքն ունեն ու մեզ են սպասում:
Հ.Գ. Մարզասեր հասարակությունը հաղթանակ է պահանջում, երկրպագուն արդեն կարոտով է հիշում հաղթանակի բերկրանքը, բայց շարունակում է հավատալ, հուսալ, ակնկալել, կոչ անել, գալ մարզադաշտ ու ոգևորել: Հուսանք, որ այս դժվարին պայմաններում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց մեջ կգտնեն այն ուժն ու նվիրվածությունը, որպեսզի պատվով դուրս գան ստեղծված իրավիճակից և որ երկրպագուն խաղադաշտից հեռանա ոչ թե գլխիկոր, այլ իրենց ճանապարհի հոտնկայս ծափահարությունների ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա