Երբ արդյունքները տեսնենք, այդ ժամանակ կտանք գնահատական. Լյովա Խաչատրյանը՝ նոր կառավարության մասին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատասխանելով հարցին, թե հավատո՞ւմ են կառավարության իրականացրած փոփոխություններին, նշեց, որ արդեն քսան օր է, կառավարություն է ձևավորվել, սակայն կոնկրետ քայլեր դեռ չեն տեսել՝ բացի անձերի տեղափոխումից:
«2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք, բայց հիմա երբ արդյունքները տեսնենք, այդ ժամանակ կտանք գնահատական»,- հավելեց պատգամավորը:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեց ԿԸՀ նախագահի թեկնածությանը, արդյոք տեսե՞լ էր նրա գործի արդյունքները, Լյովա Խաչատրյանը պատասխանեց, որ նրա աշխատանքի արդյունքները տեսել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ և կողմ է քվեարկել, իսկ ԿԸՀ մնացած անդամների աշխատանքը չի տեսել, դրա համար էլ ձեռնպահ է քվեարկել:
Լյովա Խաչատրյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ԲՀԿ-ականները հանդիպե՞լ են Գագիկ Ծառուկյանի հետ, պատգամավորը նշեց, որ շատերը Գագիկ Ծառուկյանի հետ ընկերական հարաբերություններ ունեն, նա կուսակցության հիմնադիրն է, և նրա հետ հանդիպումները պետք չէ դարձնել քննարկման առարկա:
Հարցին, թե այդ հանդիպումների ընթացքում արդյոք ստորագրություններ են հավաքվում` Գագիկ Ծառուկյանի վերադարձի խնդրանքով, Լյովա Խաչատրյանը նշեց, որ ստորագրություններ չեն հավաքվում, իսկ Ծառուկյանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մտահոգ է իր երկրի ճակատագրով:
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի կկարողանա՞ հաղթահարել անհրաժեշտ շեմը, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ՏԻՄ ընտրություններին զգալի հետընթաց կար, բայց Գյումրիում իրենց գրանցած արդյունքը ցույց տվեց, որ իրենք մարտունակ թիմ ունեն և կարծում է, որ կարող են հաջողություն արձանագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան