Չեմ կարծում, որ չկարողանան ապահովել այդ քվեարկությունը. Լևոն Զուրաբյան
«Մենք առայժմ տեսնում ենք կառավարություն, որը որևէ տեսլական կամ հեռանկար չի առաջարկում: Իսկ ոչ կոնկրետ խոստումներին ինչ-որ հաջողությունների մասին, բնականաբար, մենք որևէ վստահություն չենք կարող ընծայել»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նոր կառավարությանը:
Հարցին՝ եթե այս նոր կառավարությունը որևէ տեսլական չունի, այդ դեպքում նոր կառավարության, Կարեն Կարապետյանի առաքելությունը ո՞րն է, պատգամավորն ասաց .«Գիտեք, մենք կարող ենք գուշակել, միգուցե առաքելությունն այն է, որ ՀՀԿ-ն ընտրություններից առաջ փորձի մեղմել սոցիալական դժգոհությունը և ընդհանրապես լարվածությունը: Բնական է, որ նման քայլերը ժամանակավոր և սահմանափակ արդյունքներ տալիս են, քանի որ մարդիկ, այնուամենայնիվ, սիրում են գոնե կադրային փոփոխություններ: Կառավարությունից հեռացվել են օլիգարխ համարվող մարդիկ, Սուրեն Խաչատրյանին հեռացրին: Դա է ընդամենն այս պահին ուրվագծվում, դեռևս լուրջ քայլեր մենք չենք տեսնում»:
Պատասխանելով հարցին, թե Գյումրիի ՏԻՄ ընտրությունների հետ կապված Հովհաննես Մարգարյանն ասել է, որ ավագանու նիստերը բոյկոտելու պայքարին կմիանան նաև այլ ընդդիմադիր ուժեր և արդյոք ՀԱԿ-ը կմիանա՞ ավագանու նիստերը բոյկոտելու հայտարարությանը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց՝ միակ բանը, որ եղել է, ընտրությունների մյուս օրը Հովիկ Մարգարյանը այցելել է իրենց Գյումրու գրասենյակ, խնդրել է, որ աջակցեն ընտրությունների բողոքարկման հարցով: «Մենք էլ ասել ենք, որ այդ բողոքին կմիանանք, պրոբլեմ չկա: Դրանից հետո որևէ այլ քայլ չի հետևել»,- ասաց նա:
Հարցին, թե ըստ նրա՝ Վանաձորում ընդդիմադիր երեք ուժերի համաձայնությունը կվերածվի՞ արդյոք 18 քվեի և Քրիստ Մարուքյանը կդառնա Վանաձորի քաղաքապետ, պատգամավորը նշեց, որ եթե մեծամասնություն ունեն, կարող են ընտրել քաղաքապետ:
Դիտարկմանը, թե փակ քվեարկությանը նրանք կողմ կքվեարկե՞ն, Լևոն Զուրաբյանը նշեց. «Դե լավ, ես չեմ կարծում, որ կուսակցական կարգապահությունն այնքան ցածր մակարդակում է, որ չկարողանան ապահովել այդ քվեարկությունը»:
Հարցին, թե ՀԱԿ-ը, որպես ընդդիմադիր ուժ, խանդով չի՞ վերաբերում Գյումրիում և Վանաձորում ստեղծված իրավիճակին, պատգամավորը նշեց. «Գիտեք, ես սիրավեպերին վերաբերվող էպիտետներ չէի կիրառի քաղաքականության մեջ: Տվյալ դեպքում մեր մոտեցումները և գնահատականները՝ Վանաձորում և Գյումրիում բավական կեղտոտ ընտրությունների վերաբերյալ արդեն տվել ենք, ցանկություն չունեմ կրկնելու»:
Հարակից հրապարակումներ`
- Միանշանակ է, որ մենք աջակցում ենք Քրիստ Մարուքյանին. Մհեր Շահգելդյան
- Հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են. Արմեն Ռուստամյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին
- ՀՀԿ-ն՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Հայկական վերածնունդ»-ի համագործակցության մասին
- «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում կպաշտպանի «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին