Հենրիկ Հովհաննիսյան. Ե՞րբ է բարձր արվեստը մեծ, լայն, մասսայական ընդունելություն, գին ունեցել
Ունենք արվեստագիտության երիտասարդ թեկնածուներ, որոնց վկայականը ես եմ ստորագրել, բայց եթե համեմատեմ իմ ժամանակի, իմ ավագ սերնդի մտավորականների հետ, շատ հեռու են նրանցից՝ և իրենց գործունեությամբ, և պահվածքով, և իմացությամբ,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ, գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք երիտասարդ արվեստաբանների կարողությունները:
«Ամաչում եմ որոշ վկայականներ ստորագրելիս: Չես կարող ամեն անգամ ընդդիմանալ և ասել՝ գիտեք, դիսերտացիան դիսերտացիա, բայց դուք կապ չունեք: Որոշ դեպքերում երբեմն պատահում է խիստ եմ խոսում, մեկ-մեկ անմեղ հարց եմ տալիս, որոնց դիմաց մարդն ընկնում է հիմար, անհեթեթ վիճակի մեջ»,- նշեց գիտության վաստակավոր գործիչը:
Հարցին, թե արդյո՞ք այսօր հայ մշակույթը, արվեստը նվիրված մարդկանց կարիք ունի, Հ. Հովհաննիսյանն ասաց, որ հարցը սոսկ նվիրվելը չէ. «Պետք է գիտելիք, իմացություն: Մարդիկ գիրք չեն կարդում: Սովոր չեն: Նկատում եմ, որ երիտասարդությունը սովոր չէ հաղթահարելու մի 100 էջ: Գոյություն ունի համացանց, որը կանխում է, փակում է գրքի ճանապարհը, մինչդեռ պետք է գիրքը միշտ լինի մարդու ձեռքին»:
Նա համամիտ է այն կարծիքին, որ այսօր գիտակ մարդկանց պակասի պատճառով է, որ հայ արվեստը, մշակույթն այնքան էլ բարձր մակարդակի վրա չի գտնվում:
«Չափանիշ չկա: Երբ չափանիշի խնդիր ես բերում, տեսնում ես՝ օտարոտի նայեցին, վկայաբերում են այնպիսի փաստարկներ, որոնք կապ չունեն արվեստի հետ: Ասում են՝ այս ինչը գնորդ ունի, հանդիսատես: Դա ոչինչ չի նշանակում: Ե՞րբ է բարձր արվեստը մեծ, լայն, մասսայական ընդունելություն, գին ունեցել: Երբեք: Մեկընդմիշտ պետք է ընդունենք, որ շահի, վաճառքի, գնելիության հետ կապ չունի բարձր արվեստը»,- ասաց Հենրիկ Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան