Նախորդ կառավարությունների տեմպերը դանդաղ էին. Վահրամ Բաղդասարյան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով վարչապետի և կառավարության անդամների փոփոխությանը`նշեց, որ նախորդ կառավարությունները բավական առողջ ծրագրեր ունեին, բայց եղան աճի տեմպերի դանդաղումներ:
«Եվ այն ծրագրերը, որոնք մնացին ճանապարհին և կյանքի չկոչվեցին, այս կառավարությունը ոչ թե պետք է դրանք մի կողմ դնի ու սկսի նորից, այլ պետք է դրանք շարունակի նոր տեմպերով, որպեսզի կարողանա իրագործել այն բոլոր բարեփոխումները, որոնք դրել ենք մեր առաջ»,- ասաց նա:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ առաջիկայում նախ պետք է ստեղծվեն համապատասխան հիմքեր, նոր միայն դրանից հետո անցնել կոնկրետ գործողությունների, որոնք իր վրա կզգա նաև հասարակությունը: «Ես կարծում եմ, որ շատ կտրուկ փոփոխությունները կարող են ինչ-որ տեղ վտանգավոր լինել: Այսինքն, պետք է նախ ստեղծվեն հիմքերը, հետո նոր անցնել կոնկրետ գործողությունների»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքի տեմպը դանդա՞ղ էր, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանն ինքը հայտարարեց, որ գոհ չէ տեմպերից: Այո, ամեն դեպքում փուլային տարբերակն ավելի ճիշտ տարբերակ է, որ ոչ թե միանգամից պետք է սկսվեր փոփոխությունները, այլ նախ պետք է դնել հիմքերը, հետո նոր փոփոխությունները»:
Նրա խոսքերով՝ տարիների ընթացքում հասկացել են, որ անձերի փոփոխությունը կարող է բերել ժամանակավոր որակական լավ արդյունքի, այսինքն՝ դա ծրագրերի խնդիր է: Ըստ պատգամավորի՝ Հովիկ Աբրահամյանի ծրագրերը վատը չէին, պարզապես դրանք պետք է փուլերի բաժանվեին, ինչը որ հիմա է արվում:
Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ պետք է հասնել նրան, որ անձերի դերակատարությունը նվազի հանրության մեջ, այսինքն՝ համակարգերը պետք է թելադրեն անձերին, ոչ թե հակառակը:
Դիտարկամանը՝ ՀՀԿ-ն հիմա անձե՞ր է փոխել, թե՞ համակարգ, պատգամավորը պատասխանեց. «Անձերին՝ իրենց մոտեցումներով ու ծրագրերով: Դուք մի շտապեք, մոտակա 10-12 օրերի ընթացքում կառավարության նոր ծրագիրը կգա: Կլինեն այլ մոտեցումներ»:
Անդրադառնակով հարցին, թե ինչո՞ւ որոշ պաշտոնյաների, ինչպես, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատարյանի դեպքն է, պաշտոնանկություններին չեն հետևում պատիժներ, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Ո՞ւմ պատժեն, մարդուն բռնենք և միանգամից պատժե՞նք, ինչի՞ համար պետք է պատժվեն: Այլ հարց, եթե որևէ հայտարարություն լինի, քննություն ընթանա, իրավապահները տան իրենց գնահատականը, կխոսեն պատիժների մասին: Այսինքն՝ եթե որևէ մեկին փոխարինում ենք ուրիշ անձով, պետք է անպայման պատժե՞նք, Լինչի դատաստան պետք է տեսնե՞նք: Իհարկե, ձեր հարցը տրամաբանական է, բայց սրանից հետո Հայաստանում ցանկացած փոփոխության դեպքում ով հանվում է աշխատանքից, պետք է այդ մարդուն պարտադիր պատժե՞լ: Կարող ենք մարդուն քննադատել, ասել՝ ինչի՞ համար, ինչը չհաջողվեց նրան, դրանք այլ խնդիրներ են»:
Պատգամավորը համոզված է, որ նոր կառավարության ղեկավարը պետք է այդ ճանապարհով գնա, որ յուրաքանչյուր գերատեսչությանը տրվի լուրջ ինքնուրույնություն, մեծացվի նրա պատասխանատվությունը, և ձախողման դեպքում իրոք պետք է պատասխանատվության կանչվի տվյալ գերատեսչության ղեկավարը:
«Եթե մենք արձանագրենք, որ եղել են լուրջ ձախողումներ, և դրա համար մեղավոր են եղել այդ գերատեսչությունների ղեկավարները, արդեն կարելի է խոսել պատասխանատվության ու պատժի մասին»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, ապա պատգամավորի գնահատմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը բավական հաջողված մարզպետ էր, իր գործունեությունը կատարում էր հաջող: Նա նաև նշեց, որ նախկին մարզպետը ՀՀԿ անդամ է և որպես թիմի անդամ՝ իր գործունեությունը կշարունակի. «Որևէ մեկի կենսագրությունում գրված չէ, որ նա միշտ պետք է մարզպետ կամ պատգամավոր լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին