Երկու նամականիշ՝ նվիրված հայ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի 150-ամյակին
Այսօր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել 2 նամականիշ՝ նվիրված հայ ազգագրագետ, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի (1866 – 1947թթ.) ծննդյան 150-ամյակին: Ա. Ֆեթվաճյանը Հայաստանի առաջին հանրապետության նամականիշերի ու թղթադրամների հեղինակն է:
«Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Ֆեթվաճյանը շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակ է նաև դիմանկարների, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործերի, հայկական, մանրանկարներից ընդօրինակումների:
Նամականիշերը ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեքներ, տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպարանում՝ յուրաքանչյուրը 40,000 օրինակով: Դրոշմանիշերը պատկերում են Արշակ Ֆեթվաճյանի դիմանկարը և նրա «Կինը մանդոլինով» կտավը: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի շենքում: Մարումն իրականացրել են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Թողարկման օրը՝ 7 հոկտեմբեր, 2016թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Անվանագինը՝ 230դր, 170դր
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 40,000 x 2
Լուսանկարները՝ «Հայփոստ» ՓԲԸ-ից: