Արցախի վարչապետ. Գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում
Գյուղատնտեսության զարգացման համար Արցախի կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում: Հադրութի շրջանի համայնքապետների և խոշոր հողամշակների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը հադրութցիների հետ շարունակել է նախօրեին Մարտակերտում ծավալած՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցերի քննարկումը: Նա, մասնավորապես, անդրադարձել է շրջանում առկա գյուղատնտեսական ներուժին, ստացված արդյունքներին և չիրացված մեծ հնարավորություններին: Գործադիրի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է հայեցակարգի նախնական դրույթները և նշել, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո դրանք կյանքի կոչելու համար կառավարության կողմից զգալի չափով ֆինանսական նոր միջոցներ կհատկացվեն:
«Կառավարությունը գերադասում է տնտեսության իրական աճի արդյունքում գոյացած միջոցների մի զգալի մասն ուղղել գյուղատնտեսության զարգացմանը՝ սոցիալական նոր ծրագրերի փոխարեն: Դա մեզ հնարավորություն է տալու հանրապետությունում արտադրել մրցունակ ու էժան գյուղմթերք, որն էլ հեռանկարում ընդհանուր քաղաքականության մեջ իր բարերար ազդեցությունն է թողնելու նաև սոցիալական խնդիրների մեղմացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ են մշակում
- Արցախի վարչապետ. Ժամանակն է, որ անցնենք աշխարհում ընդունված արդի մեթոդների