«Սիրողական» ցանկություններ ու կանխատեսումներ` Հայաստան-Ռումինիա խաղից առաջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը միշտ մեծ իրարանցում են առաջացնում սոցիալական ցանցերում և այլ հարթակներում։ Տարբեր մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդիկ իրենց էջերով ամենաարագն են արձագանքում ամեն ուրախության ու հիասթափության։
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումից առաջ հայտնի մարդկանցից Panorama.am-ի հետ զրույցում են կիսվել կարծիքներով։
Շուշան Պետրոսյան, ԱԺ պատգամավոր, երգչուհի,- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին այսօր կայանալիք Ռումինիայի ընտրանու դեմ խաղում մաղթում եմ, որպեսզի փայլեն ու պատվով հանդես գան: Նրանց մարտական պատրաստվածությունը թող լինի հայ զինվորների նման: Ասել կուզեմ, ինչպես հայ զինվորներն են փայլում մարտի դաշտում, այնպես էլ մեր ազգային թիմի տղաները թող փայլեն մարզադաշտում:
Արտաշես Ալեքսանյան, դերասան,- Ես ինքս ֆուտբոլասեր եմ և հետևում եմ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին: Այսօր կայանալիք խաղը ևս բացառություն չէ: Դժվար է ասել, թե այս կազմով մեր ընտրանին ինչ արդյունքի կհասնի, սակայն կուզենամ, որ թիմը հաջող մրցելույթներ ունենա և հաղթի մրցակցին: Դժվար կլինի, բայց, հուսամ, տղաները կգտնեն իրենց մեջ ուժ ու կորով, որպեսզի կարողանան լավ հանդես գալ ու մեր պետության անունը բարձր պահեն: Բացակա ֆուտբոլիստները շատ են, բայց հուսանք, որ այս հանգամանքը հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին չի խանգարի:
Սերգեյ Սարգսյան, հաղորդավար,- Ողջունում եմ թե Հայաստանի, և թե Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներին` այսօր կայանալիք խաղի համար, սակայն հաջողություն եմ մաղթում մեր տղաներին: Տեղյակ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղալու և կարծում եմ, որ նրա բացակայությունը կերևա խաղադաշտում և բացասաբար կազդի մեր խաղի վրա: Ինչ վերաբերվում է երկրպագուներին, ապա նրանց ասելիք ունեմ. ֆուտբոլ նայելու տեղը նստեք տանն ու գիրք կարդացեք: Մոռացեք ֆուտբոլը, այո այո, գուցե անսովոր կամ վայրի է հնչում ասածս, բայց տարիներ հետո իրենք կգնահատեն իմ տված խորհուրդը: Ես անձամբ ներկա չեմ լինի խաղին, բայց հոգեպես` էլի չէ:
Նադեժդա Սարգսյան, երգչուհի,- Մենք ուժեղ ազգ ենք, մենք կարող ենք ամենադժվար պահերին միասնական լինել և կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: Թող մեր սերը, հույսն ու հավատն ուղեկցի Հայաստանի ազգային հավաքականի տղաներին: Մենք հոգով և սրտով իրենց հետ ենք: Միայն և միայն ցանկանում ենք ուժեղ լինեն և այդ ուժն իրենց հաղթանակ կբերի: Մեր տղաների կամքին և ուժին ոչ-ոք չի կարող հասնել: Հասկանալի է, որ այս պահին դժվարին իրավիճակում են հայտնվել, սակայն հոգեպես իրենք պետք է ուժեղ լինեն: Թող միշտ իմանան, որ հայ կանայք ևս իրենց աջակցում են: Ես իմ բիոռիթմերով կազդեմ իրենց վրա, որպեսզի լավ մրցելույթներ ունենան և անպայման հաջողության հասնեն:
Արմեն Թադևոսյան, դերասան, հաղորդավար,- Ցավոք, մեր օրերում հայկական ֆուտբոլն անկում է ապրում։ Եվ դա ակնհայտորեն երևում է ակումբային ֆուտբոլում։ Դա հենց առաջին նախապայմանն է ֆուտբոլի զարգացման և հավաքականի համար։ Իսկ ակումբային ֆուտբոլի նման իրավիճակը սկիզբ է առնում դեռ մանկապատենական ֆուտբոլից, որտեղ, կարծում եմ, նույնպես լիարժեք չէ ամեն բան։ Այս ամենն անմիջական կապ ունի Հայաստանի գլխավոր թիմի` ազգային հավաքականի հետ։ Շատ եմ ցանկանում, որ մեր տղաները հաղթեն, բայց, կարծում եմ, լավագույն արդյունքը կլինի ոչ ոքին։ Չեմ ուզում, իհարկե, որ այդպես լինի, բայց, ըստ իս, մենք կպարտվենք մինիմալ հաշվով։ Եվ իհարկե, թող ես սխալվեմ:
Հռիփսիմե Ղազարյան, panorama.am.- Այո, այսօր մեր ընտրանու տղաներն ավելի քան աջակցության կարիք ունեն և շնորհակալ ենք բոլոր այն մարդկանցից, ովքեր հոգեպես կանգնում են նրանց կողքին, քանզի խոսքի ուժը ևս շատ հզոր է և զուր չեն ասում, որ «խոսքի ուժը հզոր է անգամ բռունցքից»…
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա