Ջրպետկոմի նախագահ. Արդեն հանձնարարել եմ գույքագրում իրականացնել
«Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու: Այսօր բոլորից նույն պահանջն ունեմ՝ աշխատել. աշխատել ակտիվ և բարեխիղճ և միշտ առաջ նայել: Այսօր ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի խնդիրը»:
Կոմիտեի աշխատակազմի անդամների և ՋՕԸ-երի պետերի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արսեն Հարությունյանը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ա. Հարությունյանը նշել է՝ ոլորտի արդյունավետ կառվարման համար մի շարք կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ՝ օրինակ՝ ՋՕԸ-երի խոշորացումը, սակայն ցանկացած աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի մեկ սկզբունք՝ բարեխիղճ աշխատանքը:
«Ես այսօր արդեն հանձնարարել եմ գույքագրում իրականացնել և հնարավորինս սեղմ ժամկետներում ինձ ներկայացնել ՋՕԸ-երի ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողերի վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի կարողանանք հստակ պատկերացում կազմել այն մասին, թե որտեղ ենք թերանում: Ես կարծում եմ, որ մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ծախսերի արդյունավետության հստակեցում, ոռոգելի հողատարածքների ավելացումը և ի վերջո, կոռուպցիոն ռիսկերի բացառումը»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նա հանձնարարել է կարճ ժամանակում գույքագրում իրականացնել նաև պոմպակայաններում, որոնք անմխիթար վիճակում են գտնվում: Նա նաև հանձնարարել է օրենսդրական փոփոխություններ պատրաստել, որոնք թույլ կտան Կոմիտեին վերահսկել ՋՕԸ-երի պետերի նշանակումները: Ըստ Ա. Հարությունյանի՝ այսպիսով հնարավոր կլինի ոչ միայն վերահսկել ՋՕԵ-երի գործունեության արդյունավետությունը, այլև՝ պատասխանատվության հստակ
մեխանիզմներ մշակել:
Հանդիպմանը ներկա վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել Ա. Հարությունյանին և նշել, որ երիտասարդ սերնդի ներգրավումը կառավարման ոլորտում հույս է ներշնչում, քանի որ ջրային տնտեսության ոլորտում ծառացած խնդիրները ոչ միայն արմատական, համակարգային լուծումներ են պահանջում, այլև՝ նորարարական մոտեցումներ: