Ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի «Կարեն Կարապետյանը»
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում հյուրընկալեց Ռումինիայի ընտրանուն և պարտվեց 0։5 հաշվով։ Մեր ընտրանու կատարմամբ այսքան սարսափելի խաղ ու արդյունք դեռ չէինք տեսել, և այս հանդիպումը, անշուշտ, բացասական առումով իր տեղը կգտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Միայն թե հաջորդ խաղը, որում հյուրընկալվելու ենք Լեհաստանի հավաքականին, սարսափի նոր ռեկորդ չսահմանի։ Երբ ելակետ ենք ընդունում այսօրվա խաղը ու Լեհաստանի ազգային թիմի կազմում պատկերացնում Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, հնարավոր պատկերն ավելի ծանր ու գորշ ուրվագծեր է ստանում։
Բայց այսօրվա խաղը ցույց տվեց, որ հավաքականի մարզչի փոփոխությամբ հայկական ֆուտբոլին պատուհասած խնդիրները չեն լուծվի։ Արդեն համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում, և դրան պետք է գնանք՝ հաշվի առնելով, որ ընտրական այս փուլում մեզ այլևս ոչինչ չի լուսավորում։ Չէի կարծում, որ երբևէ նման բառեր կգրեմ ընտրական փուլի մեկնարկից ընդամենը երկու տուր հետո։ Բայց եթե կա մեկը, ով դեռ հույսեր ու ակնկալիքներ ունի, հավատ, որ կարող ենք հայտնվել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում, ուրեմն կարելի է նախանձել նրան։ Հաստատ հայ բոլոր ֆուտբոլասերները կուզենային կիսել այդ լավատեսությունը։
Կարծում եմ՝ համակարգային փոփոխությունները, որոնք պետք է ընդգրկեն հայկական ֆուտբոլն ամբողջությամբ, անհրաժեշտ է սկսել հենց այս պահից։ Ամենուր նոր անուններ ու նոր գաղափարներ են պետք։ Եվ ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի Կարեն Կարապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա