Հայաստանը մասնակցել է Չինաստանի ժողովրդական կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին
Չինաստանի Ձիանգսու նահանգի Սյուճոու քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել Չինաստանի ժողովրդական կերպարվեստի միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված էին Չինաստանի տարբեր նահանգների ժողովրդական արվեստի ցուցանմուշներ։ Առանձին տաղավարներով իրենց արվեստի աշխատանքներն էին ներկայացրել նաև Պեկինում հավատարմագրված մի շարք դեսպանություններ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացված հայկական տաղավարում ներկայացված էին հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի գեղանկարների հավաքածուն, ինչպես նաև հայ վարպետների կիրառական արվեստի գործերը: Տաղավարի այցելուներին նաև հնարավորություն էր ընձեռնվել ծանոթանալու Հայաստանին, երկրի պատմությանը և զբոսաշրջային ոլորտին:
Միջազգային ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ձիանգսու նահանգի ղեկավարությունը, Սյուճոուի քաղաքապետը, արտաքին հարաբերությունների գրասենյակի պատասխանատուներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Պեկինից ժամանած տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ:
Հայկական տաղավարն արժանացել է այցելուների և կազմակերպիչների բարձր գնահատականին և լայնորեն լուսաբանվել չինական մամուլով: