Պաչաջյան. «Ժամանակն է, որպեսզի մեր պետությունն աջակցի ֆուտբոլին»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը Ռումինիայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական հանդիպումից առաջ հայտարարել է, որ մեր ֆուտբոլն օրեցօր անկում է ապրում, և ժամանակն է, որպեսզի պետությունը դեմքով շրջվի դեպի միլիոնների խաղը և նախադրյալներ ստեղծի զարգացման համար։ Մասնավորապես՝ նա առաջարկում է 1-2 բանակային թիմ ստեղծել և 18-20 տարեկան ֆուտբոլիստներին մարզվելու հնարավորություն տալ։
«Քանի որ օրը ֆուտբոլային է, ուզում էի մի քանի միտք գրել հայկական ֆուտբոլի վերաբերյալ... Սա ավելի շուտ առաջարկ դիմում է մեր պետական այրերին, Սպորտի և Պաշտպանության նախարարություններին։
«Եթե Հայաստանի ժողովրդի գերակշռող մասն անտարբեր չէ հայկական ֆուտբոլի նկատմամբ, և բոլորն ուզում են, որպեսզի հայկական ֆուտբոլը նորից զարգանա և մրցունակ լինի Եվրոպայում, ապա չե՞ք կարծում, որ ժամանակն է պետական աջակցություն ցուցաբերել ֆուտբոլին։ Բացի ֆինանսական և ծրագրային լուծումներից, այդ աջակցության մի մասն էլ կարող է կազմել մեկ կամ երկու բանակային ակումբ հիմնելը, հիմնականում՝ մարզերում։ Բոլորս էլ գիտենք, որ Հայկական Բանակում պե՛տք է և մեծ պատիվ է ծառայելը, բայց 18-20 տարեկան ֆուտբոլիստը, կտրվելով մարզումներից և խաղերից, անմրցունակ է դառնում, և մենք մի ամբողջ սերունդ ենք կորցնում։ Ծառայության հետ համատեղելով ֆուտբոլային մարզումները՝ մեր երիտասարդները կարող են զարգացնել իրենց ունակությունները և 20 տարեկանում արդեն մրցունակ և կայացած ֆուտբոլիստ լինել։ Բոլորս էլ գիտենք, որ այսօր ֆուտբոլը 7 մետրանոց քայլերով առաջ է շարժվում, և անգամ մեկ մարզում բաց թողնելը ֆուտբոլիստի համար կարող է ճակատագրական լինել։ Ժամանակն է, որպեսզի մեր պետությունը աջակցի ֆուտբոլին, որը, ցավոք, ամեն օր անկում է ապրում»,- գրել է Պաչաջյանը ֆեսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա