Փարիզի քաղաքապետ. Հայոց ցեղասպանությունը ճանաչածների բանակը պետք է համալրվի
Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ երեկ երեկոյան Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի առաջին այցելությունը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր էր:
Փարիզի քաղաքապետն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները՝ Փարիզի քաղաքային խորհուրդի ավագանին ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, ապա շրջեցին Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում:
Լուսանկարը՝ Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կայքից
Լուսանկարը՝ Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կայքից
Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում Փարիզի քաղաքապետը արծաթափայլ եղևնի տնկեց: Դրանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանեց՝ տպավորված է:
Լուսանկարը՝ Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կայքից
«Նախորդ տարի Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած ցուցադրությամբ փորձեցինք մեր լուման բերել Ցեղասպանության ճանաչմանը: Մեծ հաջողություն ունեցավ: Այն մնացել է Փարիզի բնակիչների սրտում: Ցավը սրտամոտ է Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայում գործում է հայ համայնք, որի դերակատարությունը մեծ է երկրի կյանքում»,-ասաց Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավարը:
Դեմոյանը քաղաքապետին հանձնեց ապրիլի 24-ին անմար կրակի շուրջ դրված ծաղիկների թերթիկներից պատրաստված շնորհակալագիր՝ 2015 թ. մայիսին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպված «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց Ցեղասպանության թանգարանի հավաքածուն» խորագրով ցուցադրության համար: Քաղաքապետարանի աշխատակիցները Դեմոյանին հայտնել են, որ ցուցադրությունն ունեցել է այցելուների աննախադեպ մեծ թիվ:
Անն Իդալգոյին նաև Թանգարանի պատկերով ոսկե հուշամեդալ տվեցին, Ցեղասպանության վերաբերյալ գրականություն:
Panorama.am-ի հետ զրույցում Դեմոյանը նշեց՝ Փարիզի քաղաքապետն ասել է, տպավորված է տեսածով:
«Նա ասաց, որ մի քանի օր առաջ հրավիրված է եղել Հոլոքոստի թանգարան: Այնտեղ խոսել է մեր թանգարանի մասին, նաև բարևներ էր մեզ բերել»,-փոխանցեց ինստիտուտ-թանգարանի տնօրենը:
Օգտվելով առիթից Դեմոյանը Ֆրանսիայի սրտում նոր ցուցադրություն կազմակերպելու առաջարկ է արել:
«Խնդրեցի, որպեսզի 2018-ին նոր ցուցադրության համար հնարավորություն տան: Այդ ժամանակ լրանում է Հայկական մանրակրթական ընդհանուր միության 100-ամյակը, մենք ունենք բավականին մեծ հավաքածու մարմնակրթական շարժման վերաբերյալ»,-ասաց նա:
Փարիզի քաղաքապետն անդրադառնալով առաջարկին, նշեց. «Արված առաջարկի շուրջ մենք կաշխատենք, դուք գիտեք, որ մենք միշտ ձեզ սատարում ենք, ձեր կողքին ենք, դրանով մենք մեծանում ենք ու իմաստավորվում»: