Վարուժան Սուքիասյանը դեռ պետք է մտածի, թե ինչ անել
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտված աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից հետո լրագրողները դժկամությամբ ընդունեցին ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին: Պատճառը պարզ է` 0:5 հաշվով պարտություն` սեփական հարկի տակ:
Զուր չէ, որ առաջին հարցը վերաբերում էր Սուքիասյանի հրաժարականին, ինչին ի պատասխան գլխավոր մարզիչը նշեց, որ քանի դեռ ընտրանու վիճակը ծանր է, ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Իսկ թե ինչով է ծանր, հետևեց այս պատասխանը. «Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին: Երրորդ րոպեին էլ մնացինք տասը հոգով»:
Տրամաբանական է, որ սպասում էին այպիսի արդարացման այն պահից սկսած, երբ առաջին 10 րոպեներից հետո թիմն արդեն 3 գնդակ էր ընդունել սեփական դարպասը:
Ամեն դեպքում, Վարուժան Սուքիասյանը տվեց խաղի մասին իր գնահատականը. «Ռումինիայի հավաքականն իսկապես ուժեղ էր: Նման սցենարի պատրաստ չէինք: Վնասվածքից և կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ իմ վրա: Ես այնքան տղամարդկություն ունեմ, որ թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, բայց պետք է մնամ և թիմին այս վիճակից հանեմ: Դանիայի ընտրանու դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջևում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի 4 պաշտպանով խաղը և սխալվեցի: Ես կրկնում եմ` ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասաց Սուքիասյանը:
Թե ինչու Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի ստանդարտներին, գլխավոր մարզիչը փաստեց, որ Յուրայի հետ պայմանավորվել էին հանդիպել, բայց նա չեկավ: Լեհաստանի ընտրանու հետ հոկտեմբերի 11-ին կայանալիք խաղում դրական արդյունքի հասնելու համար Սուքիասյանը դեռ պետք է մտածի, թե ինչ անել: Կարևորն այն է, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստները հնարավորինս արագ ապաքինվեն և շարք վերադառնան:
Ի դեպ` Վարուժան Սուքիասյանը ֆուտբոլիստների վնասվածքներ ստանալու և խաղին չմասնակցելու համար մեղադրեց, ոչ ավել ոչ պակաս` լրագրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա