Քրիստոֆ Դաում. «Ուրախ ենք, որ մի քանի անհաջող խաղերից հետո կարողացանք նման արդյունքի հասնել»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ 5:0 հաշվով տոնած հաղթանակից հետո Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը հետխաղային մամուլի ասուլիսին ներկայացավ բարձր տրամադրությամբ: Գնահատելով խաղը` Դաումը նշեց, որ Գոռ Մալաքյանի կարմիր քարտն իր ազդեցությունն ունեցավ հանդիպման ընթացքի վրա, սակայն իր սաներն առանց դրա էլ կկարողանային հաջողության հասնել, քանի որ բաց հարձակողական ֆուտբոլ էին խաղում:
«Պարզապես կարմիր քարտից հետո ազատ տարածությունները շատ էին և մենք հնարավորություններ ունեցանք գոլային պահեր ստեղծելու: Ուրախ ենք, որ մի քանի անհաջող խաղերից հետո կարողացանք նման արդյունքի հասնել: Բավական ծանր աշխատանք կատարեցինք: Բայց պետք չէ կենտրոնանալ այս հաշվի վրա, այլ պետք է ավելացնել»,- ասաց Դաունը:
Ռումինացիների գլխավոր մարզիչը նշեց, որ Հայաստանի հավաքականի մասին կարծիքը չի փոխել և այս թիմը դեռ կարող է անակնկալներ մատուցել:
«Հայաստանի հավաքականը Դանիայի ընտրանու դեմ խաղում վատ հանդես չեկավ, այնպես որ չեմ դադարում նշել, որ այս ընտրանին դեռ կարող է անակնկալներ մատուցել: Ձեր հավաքականն այնքան էլ վատը չէ, պարզապես շատ էին վնասվածքներ ստացած ֆուտբոլիստները: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կարողացանք վաստակել 3 միավոր: Դիտել եմ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ շատ խաղեր, տեսել եմ, որ կարողանում է տակտիկապես գրագետ ֆուտբոլ խաղալ, անհատական լավ որակներով ֆուտբոլիստներ ունի, այնպես որ դուք դեռ կարող եք որակյալ ֆուտբոլ ցուցադրել: »,- ասաց մարզիչը:
Վերջում Դաումն ավելացրեց, որ Հայաստանում շատ ջերմ ընդունելության են արժանացել, մեր երկիրը շատ հյուրընկալ է և իր տպավորությունները միմիայն դրական են:
Ի դեպ` խաղի ավարտից հետո Ռումինիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ոչ թե շտապեցին հեռանալ մարզադաշտից, այլ 40 րոպեից ավել մարզվեցին «Հանրապետականում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա