Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է տվել ու մտնում է ակտիվ քաղաքականություն
Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխաըակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից և պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ի կազմից: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Երկրորդ՝ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, երրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսուհետև վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Համապատասխան ձևաչափի մասին ես լրացուցիչ ձեզ կտեղեկացնեմ:
Չորրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսօրվա իմ ելույթից հետո, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
Նաև դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին: Ես ունեմ իմ պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ», -հայտարարեց Դալլաքյանը:
Վիկտոր Դալլաքյանը նախ ներկայացրեց իր քաղաքական անցյալը, ասաց, որ օրենսդիր մարմնում 80-ից ավելի օրենսդրական փոփոխությունների հեղինակ է, համագործակցել է Հայաստանի բոլոր երեք նախագահների հետ՝ միաժամանակ քննադատելով նրանց:
Նա ներկայացրեց, թե ինչպես է եղել համագործակցությունը, թվարկեց նախագահներին արված առաջարկությունները, որոնք հետո կատարվել են, լուծում են ստացել, այնուհետև հայտարարեց. «Ես ՀՀ երեք նախագահների հետ համագործակցել եմ բացառապես իմ պատգամավորական գործունեության շրջանակներում ու երբեք նրանց որևէ անձնական հարցով չեմ դիմել»: