Ադրբեջանում կրոնական գործիչների ձերբակալությունները՝ իրանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
Ադրբեջանում շարունակվում է շիական գործիչներին ճնշելու գործընթացը,-հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իր» կայքը:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Մոհարամ ամսվա օրերին Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից կրոնական գործիչների նկատմամբ գործադրվող ճնշումներին, գրում է, որ Գյանջայում ձերբակալվել է հերթական կրոնական գործիչներից մեկը՝ Ազադ Ալիևը:
«Ղաֆղազ.իր» կայքն իր մեկ այլ հրապարակման մեջ տեղեկացնում է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի իրականացրած հատուկ գործողությունից հետո փակվել են Նախիջևանի Սադարակ շրջանի շուկայում գտնվող բոլոր այն տաղավարները, որոնք վաճառում էին Մոհարամ ամսվա առթիվ կրոնական աքսեսուարներ (դրոշներ, շապիկներ, իմամ Հոսեյնին գովերգող պաստառներ և այլն):
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այն անձինք (4 անձ), որոնք չեն ենթարկվել ոստիկանների պահանջին, ձերբակալվել են:
Հավելենք, որ «Անաջ» գործակալությունն օրերս տեղեկացրել էր, որ Ադրբեջանը սահմանափակում է կրոնական ծեսերի կատարումը: Ըստ իրանական աղբյուրի՝ Ադրբեջանի կրոնական հարցերով կոմիտեի ղեկավար Մուբարիզ Ղորբանլին նախազգուշացրել է, որ Աշուրայի օրերին նախատեսված կրոնական ծեսերը պետք է կատարվեն բացառապես մզկիթներում, այլ վայրերում դրանց իրականացումը կդիտվի որպես օրենքի խախտում:
Ավելի վաղ Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին, անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մասնավորապես ասել էր. «Ադրբեջանի բնակչությունը քվեարկության ժամանակ պետք է ուշիմ լինի: Սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են կրոնական ծեսերի կատարումը, և այդ գործընթացն ամենևին էլ ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիաներ են»: