Դիլիջանը միացել է UNESCO-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցին
ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC): Դիլիջանը միանում է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկյանս ուսումնառությանն աշխարհի տարբեր համայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի և գործընկերության միջոցով խթանելով քաղաքական երկխոսությունը և անդամ քաղաքների միջև փորձի փոխանակումը: Հայտնում են Դիլիջանի համայնքային կենտրոնից:
«Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար UNESCO-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիվ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր՝ մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթությանը պատրաստելու համար»,- ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, ով կարևոր դերակատարում է ունեցել Դիլիջանը GNLC-ում ընդգրկելու գործում:
«Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական և միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացվեց Դիլիջանի արվեստների դիտարանը»,- նշել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
UNESCO Ցկյանս ուսումնառության ինստիտուտի տնօրեն Արնե Կարլսենն իր նամակում նշել է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի հաջող նախագծումն ու իրականացումը»՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ Դիլիջանում հետագա զարգացումների մասին:
Դիլիջանի համայնքային կենտրոնին և այլ տարածաշրջանային նախագծերին աջակցող Դիլիջանի զարգացման հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն ասել է.
«Մեր հիմնադրամի նպատակը Դիլիջանին իր փառքը վերադարձնելն ու այն տարածաշրջանում կրթական, մշակութային և ժամանցային կենտրոն դարձնելն է, և նման միջազգային ճանաչումը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղությամբ»:
Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանն էլ նշել է.
«Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ երկրի մրցունակությունն ու տնտեսական աճը մեծապես կախված են կրթության որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրավումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կնպաստի կարևորագույն խնդրի՝ Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»:
Այս ցանցում Դիլիջանը Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու հնարավորություն կստանա՝ իր քաղաքացիներին ցկյանս ուսումնառության հնարավորություն տալով և, այդպիսով, բազմակողմ և հավասար կրթություն ապահովելով:
Այժմ աշխարհի ավելի քան 1000 քաղաքներ և համայնքներ դարձել են կամ դառնում են ուսումնառու/կրթական քաղաքներ: Այս քաղաքները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային քաղաքական երկխոսությանը, ուսումնասիրություններին, կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան