Երևանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:
Նկատի առնելով, որ 2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսի Հանրապետությունը, Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում՝ նստաշրջանների միջև ընկած հաջորդ ժամանակահատվածում:
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում նախատեսվում է նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին