Հանրապետականը իդեալական մարդկանցով կուսակցություն չէ. Պատգամավորը՝ Դալլաքյանի մասին
«Իր անձնական քայլն է: Բացարձակապես չեմ հասկանում, որ մարդը աշխատել է նախագահի աշխատակազմում ու այդպիսի քայլի է դիմում: Ինձ համար անընդունելի է, բայց քաղաքականության մեջ դեռ շատ զարմանալի երևույթների կարող ենք ականատես լինել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ծրագրերի մասին Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, ասաց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Հանրապետական խմբակցության պատգամավորի խոսքով, դեռ 2012 թվականի ընտրություններում պարտված վիկտոր Դալլաքյանը փաստորեն, չի ներել հաղթած պատգամավորին, այս դեպքում՝ Էդմոն Մարուքյանին:
Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե Դալլաքյանի հետ միասին նոր կուսակցության մեջ լինելու է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Աճեմյանն ասաց, որ իր համար «դա անպատկերացնելի է»:
«Ես կարծում եմ, որ նման հայտարարություն միայն ինքը՝ պաշտպանության նախկին նախարարը կարող է անել», -նկատեց պատգամավորը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչը կարծում է, որ ընդդիմությունը համախմբված պետք է լինի և, ավելին, նոր Սահմանադրության պարագայում կուսակցություններն ավելի խոշոր ու ուժեղ պետք է լինեն:
«Ջլատվելն ու առանձնանալը, մարդ-կուսակցություններով ընտրություններին գնալը արդյունավետ չի լինի: Բայց դա նրանց գործն է: Ես կարծում եմ, որ կուսակցություն ստեղծելը առաջին ամենահեշտ քայլն է, հետագա քայլերը՝ կուսակցության կայացումը, ռեսուրսները շատ ավելի բարդ գործընթաց է ու ամեն մեկը չէ, որ կարող է լիդեր լինել, իր հետևից տանել մարդկանց», -նշեց տիկին Աճեմյանը:
Քաղաքականության մեջ, ըստ պատգամավորի, յուրաքնաչյուրն իր աշխատանքի ոճն ունի, և 4 տարի նախագահի աշխատակազմում լուռ աշխատելը, հետո հրաժարական տալը, ակտիվ քաղաքականություն մտնելը հավանաբար Դալլաքյանի ոճն է:
«Միայն մի բան գիտեմ, որ ժողովուրդը ամեն ինչ լավ տեսնում ու հասկանում է և այնպես չէ, որ հիշողությունն էլ կարճ է: Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի ու ցույց կտա՝ ով ինչի է ընդունակ», -նշեց Հանրապետականը:
Որպես կուսակցության անդամ, Աճեմյանի խոսքով, Դալլաքյանը լուռ է եղել, ակտիվություն չի ցուցաբերել կուսակցական աշխատանքներում.
«Չէի ասի, որ ինքը ակտիվ կուսակցական է եղել, նաև կուսակցական հավաքներին չեմ տեսել: Նա ակտիվ Հանրապետական երբեք չի եղել»
Հարցին, թե ձևի համա՞ր է կուսակցության մեջ եղել, Աճեմյանը պատասխանեց. «Մեր կուսակցության մեջ 130 հազարից ավելի մարդ կա և այդ մարդկանց մոտիվները շատ տարբեր են և այդ մարդկանց կենսագրությունն էլ է շատ տարբեր, նպատակներն էլ: Առհասարակ, մարդիկ իրենց արժեքային համակարգով էլ են տարբերվում: Հանրապետականը իդեալական մարդկանցով կուսակցություն չէ: Ինձ համար, օրինակ, անընդունելի է, որ մարդը իր քաղաքական ճանապարհին տարբեր կուսակցություններ է փոխում: Դա նշանակում է, որ նա կայուն չէ իր գաղափարներում, սկզբունքներում»:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Վիկտոր Դալլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են, ուղարկել քաղաքական դաշտ
- Դալլաքյանը Էդմոն Մարուքյանին որակեց «լուսավոր հանցագործ»
- Դալլաքյանը՝ իրեն առնչվող կուսակցությանը Սեյրան Օհանյանի հնարավոր անդամակցության մասին
- Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է տվել ու մտնում է ակտիվ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան