«Հայաստանի խուլերի միավորման» նախագահ. Մենք առանց պետության չենք կարող աշխատատեղեր ստեղծել
Մեկ տարի է՝ խառնաշփոթ է մեզ մոտ: Եթե պահանջներ ունեն, թող գան, հանգիստ խոսենք: Մեզ հանգիստ չեն տալիս, խանգարում են, չեն թողնում աշխատել,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խուլերի միավորման» նախագահ Գրիգոր Գրիգորյանը՝ խոսելով միավորման մի խումբ անդամների պահանջի մասին:
Հիշեցնենք՝ երեկ միավորման անդամներ հավաքվել էին միավորման շենքի դիմաց և պահանջում էին միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը: Պատճառաբանութոյւնը՝ «նախագահն ընդհանրապես չի մտածում միավորման անդամների մասին, ուշադրություն չի դարձնում, առանց համագումարի իրեն նախագահ է վերընտրել»:
Խոսելով բողոքող կողմի կոնկրետ բարձրաձայնած պատճառների մասին, Գ. Գրիգորյանն ասաց. «Պետության վիճակն է ծանր, ոչ մի գործարան չի աշխատում: Մենք ունենք գործարան, որը քանդված շենք էր: Վթարային վիճակում էր: Իմ նախագահոթյան օրոք՝ յոթ տարում, ահագին աշխատանք ենք տարել: Պետք է մարդ գտնվի, որ ներդրում անի ու գործարանն աշխատացնի: Ես քնած չեմ, աշխատում եմ: Մենք առանց պետության ոչինչ չենք կարող անել, չենք կարող աշխատատեղեր ստեղծել»:
Ինչ վերաբերում է համագումարին՝ միավորման նախագահն ասաց, որ ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան, ինքը գումարել է համագումար:
«Այս ամենը իմ փոքր եղբայրը՝ Անդրանիկ Գրիգորյանն է հրահրում: Չգիտեմ՝ ուզում է նախագահ նստի, թե ինչ անի: Չեմ կարողանում հասկանալ»,- նշեց Գ. Գրիգորյանը:
«Հայաստանի Խուլերի միավորման» իրավաբան Արթուր Մկրտչյանն ասաց, որ մոտ 100 խուլ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Առաջին նիստը կայանալու է նոյեմբերի սկզբին:
«ՀԿ-ների կանոնադրության համաձայն՝ նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգ կա, անհրաժեշտ են ձայներ: Միավորումն ունի մոտ 1500 անդամ: Եթե իրենց ասած 600-ից ավելին կողմ են, որ նախագահը հրաժարական տա, ապա կարող են ժողով հրավիրել և բարձրաձայնել նախագահի հեռացման հարցը: Բայց դա չեն անում: Ոչ էլ իրենց հայցադիմումում է նշված, թե նախագահն առանց համագումարի է ընտրվել, կամ՝ առանց համապատասխան օրինական հիմքերի երկարաձգել է ժամկետը: Ուղղակի առանց որևէ պատճառաբանության նշել են՝ ուզում են, որ Գրիգոր Գրիգորյանը չաշխատի»,- ասաց իրավաբանը: