Ռոնալդուն շրջանցեց Իբրահիմովիչին
Մադրիդյան «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ռմբարկուական հերթական ռեկորդն է սահմանել։ Հիշեցնենք, որ երեկ պորտուգալացիներն աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խաղում 6։0 հաշվով ջախջախեցին Ֆարերների թիմին, իսկ 31-ամյա ֆուտբոլիստը խփեց իր 66-րդ գոլն ազգային թիմի կազմում։ Դրանից ընդամենը 3 օր առաջ Ռոնալդուն պոկեր էր ձևակերպել անդորրացիների հետ խաղում։
Հավաքականում նման արդյունավետությունը Ռոնալդուին հնարավորություն տվեց եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալ 6-րդ հորիզոնական՝ հետևում թողնելով շվեդ Զլատան Իբրահիմովիչին, ով «Եվրո-2016»-ից հետո ավարտել է միջազգային խաղացողի կարիերան։ Հավաքականում անցկացրած 116 խաղում Զլատանը խփել է 62 գոլ։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Հարկ է նշել, որ Քրիշտիանուն ի վիճակի է բարելավել իր ցուցանիշներն այս ցուցակում, որովհետև նրանից առաջ, ինչպես Իբրահիմովիչի դեպքում, կարիերան ավարտած ֆուտբոլիստներ են։ Խոսքն իռլանդացի Ռոբբի Քինի (68 գոլ՝ 146 խաղում), լեգենդար գերմանացի Գերդ Մյուլլերի (68 գոլ՝ 62 խաղում), նրա հայրենակից Միրոսլավ Կլոզեի (71 գոլ՝ 137 խաղում), ինչպես նաև Հունգարիայի հավաքականի՝ 1950-ականների ահեղ երկյակի՝ Շանդոր Կոշիչի (75 գոլ՝ 68 խաղում) ու Ֆերենց Պուշկաշի (84 գոլ՝ 89 խաղում) մասին է։
Հետաքրքիր է, որ իր միջազգային կարիերայի ընթացքում Ռոնալդուն գրավել է 33 թիմի դարպասները, սակայն մինչ օրս չի կարողացել աչքի ընկնել Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Անգլիայի ու Իտալիայի հավաքականների հետ խաղերում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա