Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
Գրող, հրապարակախոս, «Արևելք» պարբերականի գլխավոր խմբագիր Սաքօ Արեանը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր պետք է կատարի հալեպահայերին Հայաստան տեղափոխելու հարցում:
«Հալեպում պատերազմ է արդեն վեց տարի, և խնդիրը հանգուցալուծումից շատ հեռու է: Երկու գերտերությունները պատերազմում են ոչ թե լուծումներ բերելու համար, այլ նրա համար, թե ով կարող է արդիական զենք օգտագործել մյուս կողմին ճնշելու համար: Պատկերացնո՞ւմ եք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք հայտնեց Արեանը:
Ծանր պայմաններում գտնվող Սիրիայից և, մասնավորապես, Հալեպից հայերին Հայաստան տեղափոխելը, ըստ հրապարակախոսի, անհրաժեշտություն է և հրամայական:
Դիտարկմանը, թե Սփյուռքի նախարարությունում կարծում են, որ Հալեպում խուճապ լինելու մասին հայտարարությունները չափազանցված են, Սաքօ Արեանը արձագանքեց. «Ի՞նչ է, պետք է խուճա՞պ լինի, որ տեղից շարժվե՞նք: Ինձ համար ցավալի է այս մոտեցումը: Հիմա մենք ընկել ենք մեյդան ասելու՝ խուճապ կա, թե չկա՞:
Ելնելով այս իրավիճակից, մենք պետք է կոնկրետ գործողություններ անենք, պետք է հայտարարենք, որ պատրաստ ենք օգնել այն հալեպահայերին, որոնք ցանկանում են հեռանալ, դուրս գալ հալեպահայերի ասած՝ դժոխքից: Սա է իրավիճակը: Իսկ թե խուճապ կլինի, տագնապ կլինի, բառերը կարևոր չեն: Կարծում եմ՝ դրությունն ալ կարևոր չէ»:
Նրա ներկայացմամբ, հալեպահայերը վերջին շրջանում օգտագործել են ամեն միջոց սոցիալական ցանցերով նույնիսկ անծանոթներին են գտել, գրել՝ «փրկեցեք մեզ»:
«Նրանք պարզապես անվտանգություն էին խնդրում», -նկատեց հրապարակախոսը:
Այդպես է եղել նաև հալեպահայ Գալուստյանների, որոնք Արեանի փոխանցմամբ, գրել են «Արևելք»-ին ու հայաստանցի մի ընտանիքի աջակցությամբ Հալեպից Բեյրութով երեկ հասել են Հայաստան
«Ինչի՞ն պետք է սպասեինք, պետք է սպասեինք, որ անպայման մարդիկ վիրավորվեի՞ն, զոհվեի՞ն: Այդ մարդկանց տունը փլուզվել էր, վտանգը դեռ կա, վաղը Հալեպում կարող են պատերազմական ակտիվ գործողություններ վերսկսվեն, տագնապը չի հանգուցալուծվել դեռ, հակառակը, այն խորանում է: Քանի այսպես է, մենք կըրնանք նոր զոհեր տալ: Ցավով եմ սա ասում», -հավելեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ չի անում, Արեանը պատասխանեց, որ պետք է անհապաղ շտապ մարմին ստեղծվի և այն, ինչ այժմ փորձում են անել կազմակերպությունները, սկսի կատարել կառավարությունը՝ պետական մակարդակով:
«Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը հայտարարեց, որ պատրաստ է հալեպահայերին տեղափոխել, զբաղվել նրանց խնդիրներով, բայց արձագանք չկա: Պարոն վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ իրենք ինտենսիվ հետևում են սիրիահայերի հարցին: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է, եթե հայկական կողմը դիմի, բայց մենք չենք արձագանքում ու ավելին, ուտելիք ենք ուղարկում: Բայց չէ՞ որ այդ մարդիկ ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, ոչ սնունդի: Անոնք կարիք ունեն կյաքնի ապահովության: Բայց մենք, որպես անկախ պետություն, ի՞նչ ենք ասում մեր սփյուռքահայ հայրենակիցներին, մենք շատ ուշացել ենք, մեր քայլերը շատ ուշացած են, բայց գոնե չփրկե՞նք այսօրվա 8-10 հազար հայերին»,-ասաց «Արևելքի» խմբագիրը:
Նա համաձայն չէ այն հայտարարություններին, թե հալեպահայերի տեղափոխմամբ գաղութն է վերանում: Արեանի կարծիքով, պետք չէ մարդկանց բռնի ուժով տեղափոխել, բայց կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն գալ Հայաստան, սակայն հնարավորություն չունեն, և նրանց պետք է տեղափոխել ավելի անվտանգ տեղ:
«Մարդիկ կան, որ կարողություն, հնարավորություն չունեն տեղափոխվել Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով վախենում են այդ մասին խոսել», -նկատեց Սաքօ Արեանը:
Նրա խոսքով, տեղափոխվելուց հետո հայաստանյան միջավայրում խնդիրներին հանդիպելը անխուսափելի է, և երկրից երկիր տեղափոխվողները միշտ էլ խնդիրների հանդիպում են:
«Ես կարծում եմ, որ այն սիրիահայերը, որոնք ինտեգրվեցին երևանյան կյանքին, այսօր աշխատանք ունեն, համալրել են Երևանի կոլորիտը իրենց ներկայությամբ, իրենց ուշիմությամբ, այնպես չէ, որ օրինակը չկա: Բայց երևի պետք է ստեղծել համապատասխան մարմիններ, որն իմ գործը չէ: Պետք է մտածել՝ ինչ կարելի է անել նրանց համար», -նշեց գրողը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում դպրոցականներ են զոհվել
- Պետք է կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը Հալեպից. Ռուբեն Սաֆրաստյան
- Խմելու ջրի մատակարարում՝ Հալեպում. «Արևելք»
- Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցության հարցերի շուրջ
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան