Չավուշօղլու․Մենք ցանկանում ենք կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները (լրացված)
«Հայաստանի հետ համագործակցության համաձայնագիր մենք ստորագրեցինք Ցյուրիխում, որը, ցավոք, չիրականացվեց»,- այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն, պատասխանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատգամավորի հարցին, թե Թուրքիան՝ որպես Մինսկի խմբի անդամ ինչ է անում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար՝ ասաց, որ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվում է կառուցողական աշխատանք։
«Հայկական զորքերի դուրս բերումը Ադրբեջանի առնվազն 5 օկուպացված շրջաններից շարունակվում է քննարկվել։ Կարծում ենք, որ եթե այդպիսի քայլեր իրականացվեն, մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած որոշման, որը պաշտպանում է Ադրբեջանը։ Մենք ցանկանում ենք կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Երբ խնդիրը լուծվի, Կովկասում այլևս վտանգ չի լինի։ Պետք չէ նաև մոռանալ մյուս սառեցված հակամարտությունների մասին»,- ասաց Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ այսօր Չավուշօղլուն ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ու պատասխանեց հարցերի։
Լրացում.
Ուղղում․ ԵԽԽՎ-ում Մևլութ Չավուշօղլուն խոսում էր թուրքերեն, որը թարգմանվում էր։ Վերոշարադրյալ նյութը գրվել է ռուսերեն թարգմանության հիման վրա։
Անճշտություններից խուսափելու համար ներկայացնում ենք ԵԽ կայքում անգլերեն հրապարակված Մևլութ Չավուշօղլուի խոսքի արձանագրության հայերենը ևս։
Մևլութ Չավուշօղլու. - «Մենք շատ ենք աշխատել՝ Լեռնային Ղարաբաղի հացը լուծելու և Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք Շվեյցարիայում ստորագրեցինք համաձայնագիր, սակայն այն, ցավոք, չհաջողվեց։ Մինսկի խումբն ու Ռուսաստանն արել են որոշ կառուցողական առաջարկներ, և հայկական զորքերի դուրսբերումն Ադրբեջանի առնվազն 5 օկուպացված շրջաններից քննարկվում է։ Եթե նման քայլեր ձեռնարկվեն, մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած լուծման, որին աջակցում է Ադրբեջանը։ Մենք ցանկանում ենք կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, և եթե այս խնդիրը լուծվի, մենք Հարավային Կովկասում այլևս չենք ապրի այս սպառնալիքի հետ։
Ինչո՞ւ չենք կարող լուծել այն։ Մինսկի խումբը պետք է ավելի շատ ու ավելի անկեղծորեն աշխատի այս հարցում։ Մյուս սառեցված հակամարտությունները ևս պետք է լուծվեն այս շրջանակներում»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին