Նորայր Քալանթարյան. «Երևան Օփեն» շախմատային փառատոնը կդառնա ավանդական»
Առաջին անգամ Երևանում կայացած «Երևան Օփեն» շախմատի անդրանիկ մրցաշարում միջազգային վարպետի նորմա լրացրեցին հայ շախմատիստներից երեքը՝ Արտավազդ Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը և Հայկ Վարդանյանը: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ժամանակ տեղեկացրեց Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը՝ միաժամանակ ամփոփելով արդյունքները:
«Մրցաշարն առաջին անգամ անցկացվեց Երևանում՝ Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում: Ամբողջ աշխարհից ժամանած հյուրեր կային և շատ լայն արձագանք ստացավ: Սա մեծ, խոշոր ստուգատես էր, որին մասնակցեցին 10 երկրների 137 ներկայացուցիչներ, որոնցից 23-ը՝ միջազգային գրոսմայստերներ էին: Մրցաշարն ընթացավ լարված պայքարում: Վերջին տուրից հետո պարզ դարձավ, որ 8 մասնակիցներ 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր: Նման դեպքերում հաշվի ենք առնում արդեն լրացուցիչ ցուցանիշները, որն էլ հաղթանակ բերեց Ռոբերտ Հովհաննիսյանին»,- ասաց Քալանթարյանը:
Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը տեղեկացրեց, որ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, եթե մրցաշարին մասնակցում են երեք և ավելի երկրներ, ինչպես նաև 20-ից ավել արտասահմանյան մասնակիցներ ունենալու դեպքում ստուգատեսը դառնում է միջազգային և թույլատրվում է սահմանել միջազգային նորմաներ:
«Երևան Օփենում» հայ շախմատիստներից միջազգային վարպետի նորմա լրացրեցին Արտավազդ Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը և Հայկ Վարդանյանը: Շատ մոտ էր միջազգային գրոսմայստերի նորմա լրացնելուն Տիգրան Հարությունյանը, սակայն ցավալի վրիպում թույլ տվեց նախավերջին տուրում և զրկվեց նորման լրացնելուց:
Մեր շախմատիստները բավական հաջող հանդես եկան: Զավեն Անդրիասյանն առողջական խնդիրների պատճառով մրցաշարի միջնամասից չկարողացավ շարունակել մրցելույթները: Հիանալի հանդես եկավ Ռաֆայել Վահանյանը, ով այդ տարիքում կարողանում է 6-ժամյա պայքար մղել երիտասարդ սերունդի հետ: Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ բոլոր մասնակիցներից»,- ասաց Նորայր Քալանթարյանն ավելացնելով, որ Երևանի շախմատի ֆեդերացիան մտադիր է «Երևան Օփեն» շախմատային փառատոնը դարձնել ավանդական ու ամենամյա: