Հուլիսյան դեպքերից հետո իշխանությունն ինչ-որ չափով կոսմետիկ հետևություններ է արել. Արամ Աբրահամյան
«Հուլիսյան դեպքերից երեք ամիս է անցել, այդ ժամանակվա էմոցիոնալ ֆոնն այլևս չկա: Այն ժամանակ էլ փորձում էի զերծ մնալ էմոցիաներից, իսկ էմոցիաների հիմնական աղբյուրը ֆեսյբուքյան քննարկումներն էին»,- Կովկասի ինստիտուտում կազմակերպած հուլիսյան դեպքերի պատճառների, հնարավոր հետևանքների վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանն ասաց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրվանից մինչև խմբի հանձնման օրը նրա պահանջները նույնն էին, ինչ ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվում են 1992 թվականից՝ նախագահի հրաժարական. «Նախագահի հրաժարանը պահանջելը քաղաքական դաշտում օրիգինալ պահանջ չէ, 1992 թվականից այն հնչում է»:
«Հանձնվելու ժամանակ խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանն ասաց, որ չեն թողնի Հայաստանը դառնա Ռուսաստանի նահանգ: Առաջին անգամ շեշտադրվեց աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Թերևս միակ գաղափարախոսական, գաղափարական պնդում էր»,- ասաց Ա. Աբրահամյանը:
Թերթի խմբագիրը հարցադրում արեց՝ ո՞ր կուսակցություններն էին անվերապահորեն դատապարտում զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը: Պատասխանելով իր իսկ հարցադրմանը՝ Ա. Աբրահամյանն ասաց, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն:
«ՀՅԴ-ի դեպքում հասկանալի էր, քանի որ իշխանական կոալիցիայի մի մասն է, ՀՀԿ-ն էլ դատապարտում էր, բայց թույլ չէին տալիս խոսել»,- նշեց նա:
Ա. Աբրահամյանի խոսքով՝ ՀԱԿ առաջնորդն ուներ իր սպեցիֆիկ մոտեցումը, որը նա շեշտադրել էր հուլիսի 22-ի իր հոդվածում:
Ըստ նրա, ՊՊԾ գնդի գրավումը վերապահումով էին դատապարտում գրեթե մնացած բոլոր կուսակցությունները. «Ասում էին՝ սխալ է գնդի վրա հարձակումը, բայց… Դրանից հետո գնում էր սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը: Հասկանալի է, թե ինչու էին վերապահումով մոտենում. 2017 թվականին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, եթե հասարակության գերակշռող մասը չի դատապարտում, այլ ողջունում է ոստիկանության գնդի վրա զինված հարձակումը, իսկ եթե քաղաքական ուժերն էլ ուզում են վերընտրվել, իրենց կարծիքով, պետք է ընդառաջ քայլ անեին հասարակությանը, ինչը և անում էին»:
Ա. Աբրահամյանն ասաց, որ հայտնի իրավապաշտպանները նույնպես հիմնականում պաշտպանում էին խմբին:
«Ո՞ր կուսակցությունն է անվերապահորեն ողջունել «Սասնա ծռեր»-ի քայլը: «Ժառագություն» կուսակցությունը, նշելով, որ այլ ելք չէին տեսնում, հուսահատ քայլ էր, որովհետև իշխանությունը… »,- ասաց թերթի խմբագիրը:
Խոսելով ոստիկանական գործողությունների մասին, Ա. Աբրահամյանի գնահատմամբ՝ ՊՊԾ գնդի գրավված լինելու ողջ ընթացքում և դրանից հետո անօրինական էին. «Պարտավոր էին շրջապատել այդ օղակը, թույլ չտային ընդդիմադիր քաղաքական և ոչ քաղաքական խմբերին ճեղքել և միանալ նրանց, բայց այդ ամենն արվում էր ոչ պրոֆեսիոնալ»:
Ո՞վ էր մեղավոր, որ ՊՊԾ գունդը զինված խմբի կողմից գրավվեց, հարցադրում արեց թերթի խմբագիրն ու պատասխանեց. «Բնականաբար իշխանությունը, նախ և առաջ ԱԱԾ-ն և ոստիկանությունը»:
Նրա խոսքով՝ դրանից առաջ ձերբակալվել էր խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, մեղադրվում էր հենց նրանում, ինչը նրա կողմնակիցներն արեցին:
«Եթե խմբի անդամները կասկածվում էին ինչ-որ բանի մեջ, ղեկավարը ձերբակալված էր, բնականաբար, խմբի անդամների խոսակցությունները պետք է լսվեին: Իսկ եթե ԱԱԾ-ն չի իմացել նրանց պայմանավորվածության մասին, ուրեմն վատ է աշխատում: Կարծում եմ՝ այդ գործողություններից առաջ եթե ձերբակալվեին խմբի անդամները, իհարկե, կասեին, որ շինծու գործ է, նրանք քաղբատարկյալներ են, ինչը հիմա էլ է ասվում, բայց ոչ ոստիկաններ կզոհվեին, ոչ էլ տղաները կվիրավորվեին: Ձերբակալելը ճիշտ էր»,- շարունակեց նա:
Ա. Աբրահամյանի խոսքով՝ մեղավոր է նաև ոստիկանությունը, որովհետև ՊՊԾ գնդի պաշտպանությունը իր սուրբ պարտականությունն էր. «Դա չարվեց, 30 զինված մարդ ներխուժեց, պատանդներ պահեցին, հետևաբար խիստ պատասխանատվություն է կրում իր սխալի համար: Ոստիկանապետը նույնպես պետք է հրաժարական տար»:
Խոսելով հասարակական կարծիքի մասին, նա նշեց, որ մարդիկ չեն դատապարտում, կողմ են զինված գործողություններին, քանի որ չկա այն գիտակցությունը, որ իրենց պետությունն է, իրենց ոստիկանությունն է, իրենց ՊՊԾ գունդն է:
«Երկրորդ պատճառն այն է, որ մեծ դժգոհություն, պայթյունավտանգ ատելություն կա իշխանության նկատմամբ: Բնականաբար, ցանկացած բան, որ արվում է իշխանության դեմ, ողջունվում է»,- հավելեց Ա. Աբրահամյանը:
Իշխանությունն արե՞լ է հետևություն: Իր հարցադրմանը պատասխանելով՝ «Առավոտ»-ի խմբագիրն ասաց. «Կարծում եմ՝ մասամբ, ինչ-որ չափով կոսմետիկ հետևություններ է արել: Կառավարության փոփոխությունը, շատ դեմքերի հեռացումը ինչ-որ չափով կարելի է հետևություն համարել: Բայց հետևություն կլինի այն, եթե լինի արդար ընտրություններ, ժողովրդավարություն, չլինեն մենաշնորհներ: Իսկ այդ հետևությունը չի արվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան