Հանրային միջոցներով քաղաքապետն ինքն իրեն ծառայություն է վաճառել
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի անվան հետ կապվող փաստի հանգամանքերը կուսումնասիրվեն և, ըստ անհրաժեշտության, համապատասխան մարմինները գնահատական կտան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է իրեն պատկանող «Ավա բիլդինգ» ընկերությունը: Ըստ հրապարակման Վաչագան Ադունցին պատկանող ընկերությունից ծառայություն գնելու համար համայնքի բյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ: Այս փաստի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք Սյունիքի մարզպետից:
Panorama.am-ի հետ զրույցում Վահե Հակոբյանը մասնավորապես ասաց. «Հայաստանի օրենսդրությամբ համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին: Առհասարակ համայնքային միջոցները տնօրինում է հենց ինքը՝ համայնքը: Ես որպես մարզպետ կարող եմ ընդամենը ասել, որ համապատասխան մարմինները պետք է ուսումնասիրեն հանգամանքները և պարզեն՝ արդյոք կան օրենքի պահանջների խախտումներ, թե ոչ: Ես այդ ուղղությամբ, անշուշտ, քայլ կանեմ»:
Միաժամանակ Սյունիքի մարզպետը հայտնեց, որ առաջիկայում քայլեր կձեռնարկեն նմանատիպ խնդիրներից խուսափելու համար: «Որպես մարզպետ ձգտելու եմ, որպեսզի մարզի բոլոր համայնքներում առկա ֆինանսական միջոցները տնօրինվեն հնարավորինս արդյունավետ: Եղանակներից մեկը համայնքների կողմից ծառայությունների ու ապրանքների գնումների ընթացակարգերի, տարատեսակ մրցույթների առավելագույն թափանցիկության ապահովումն է, ինչի ուղղությամբ կարվեն անհրաժեշտ քայլեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան