Համալսարանի հիմնական ու սկզբնական ամբիոններից մեկի պատմության, վերելքների ու վայրէջքների մասին
Այսօր լրանում է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման և գիտամանկավարժական գործունեության 95-ամյակը, ինչի առթիվ ամբիոնը հրավիրել էր հոբելյանական հանդիսավոր նիստ:
Մինչ նիստը սկսելը ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ 1921 թվականին հիմնադրված ամբիոնի գործունեությանն ու ձեռքբերումներին:
«Մանկավարժության ամբիոնն այսօր իր մեծ ներդրումն է բերում և ծանրակշիռ խոսքն է ասում Հայաստանի կրթության համակարգի բարեփոխման և մանկավարժության գիտության զարգացման գործում: Ամբիոնն աշխատում է համալսարանի 12 ֆակուլտետում, նրանց բազային կրթության ծրագրերում իրականացնելով մանկավարժական կրթաբլոկ՝ մանկավարժի որակավորման շնորհման համար, իսկ հայ բանասիրության ֆակուլտետի կառուցվածքում իրականացնում է մասնագիտական կրթական ծրագրեր՝ «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիրը բակալավրիատում, «Կրթության կազմակերպում», ինչպես նաև «Դպրոցական մանկավարժություն և մեթոդկա» կրթական ծրագիրը մագիստրատուրայում: Այս ծրագրերում սովորում են ոչ միայն հայաստանյան բուհերի ուսանողներ, այլև սփյուռքի տարբեր գաղթոջախներից՝ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս և Իրան»,-նշեց Նազիկ Հարությունյանը:
Ամբիոնի վարիչն ընդգծեց նաև ակտիվ է կապն ուսանողների և դասախոսների միջև՝ ինչն ավելի արդյունավետ է դարձնում իրենց աշխատանքը:
Նշենք, որ մինչ հոբելյանական նիստի բացումը օրվա առթիվ տեղի ունեցավ նաև մանկավարժության կաբինետի անվանակոչության արարողությունը: Այն այսուհետ կկրի վաստակաշատ գիտնական, մանկավարժության ամբիոնի հիմնադիր պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանի անունը:
«Գուրգեն Էդիլյանը մեծ ջանքեր է ներդրել ամբիոնի զարգացման և կազմակերպման գործում, և հաշվի առնելով այդ ամենը, որոշում կայացրեցինք մանկավարժության ամբիոնի կաբինետն անվանակոչել ամբիոնի հիմանադիր և առաջին վարիչ Գուրգեն Էդիլյանի անվանբ: Դիմեցինք բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդին, ստացանք դրական որոշում»,-հավելեց Նազիկ Հարությունյանը:
Հոբելյանական նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՀՊ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ արժևորելով ամբիոնի գիտամանկավարժական գործունեությունը. «Շատ հետաքրքիր ու ինքնատիպ ուղի է անցել մանկավարժության ամբիոնը: Լինելով համալսարանի հիմնական ու սկզբնական ամբիոններից մեկը՝ այն իր պատմության մեջ ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, սակայն միշտ պատվով է կատարել իր հիմնական գործառույթը՝ մանկավարժական կադրեր պատրաստելը»:
Ռեկտորը կարևորեց Նազիկ Հարությունյանի գիտամանկավարժական ներդրումն ամբիոնի ներկա հաջողությունների մեջ՝ նշելով, որ նրա գլխավորությամբ ամբիոնը դարձել է կարևոր օղակ համալսարանում:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ իր խոսքում առանձնացրեց ամբիոնի՝ հայ մարդու և տեսակի ձևավորման գործում հատուկ աշխատանքը. «Որպես ամբիոնի գործունեության վերջին տասնամյակների վկա՝ ուզում եմ հավաստել, որ այն իսկապես բուռն ստեղծագործական կյանքով է ապրում և ամուր կապ կա դասախոս-ուսանող հարաբերություններում»:
Նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Աբցիաուրին, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասրդյանը:
«Այս ամբիոնն ամուր կամուրջ է հայ և վրաց գիտնականների միջև: Վրացիներն ու հայերը առանձնահատուկ վերաբերմունք ունեն մանկավարժության նկատմամբ: Մանկավարժության ամբիոնը Հայաստանում հայրենասիրության, մարդասիրության և հայապահպանության դարբնոց է»,-նշեց Նինո Աբցիաուրին:
Հանդիսավոր նիստի ժամանակ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը քաղաքապետի հանձնարարականով պարգևատրվեց Երևանի քաղաքի պատվավոր մանկավարժ հուշամեդալով, իսկ ԵՊՀ ռեկտորի կողմից՝ համալսարանի ոսկե մեդալով:
Ամբիոնի դասախոսներն էլ պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Այնուհետև տեղի ունեցավ «Մանկավարժության ամբիոնի բարեկամ» անվանակոչության վկայականների հանձնումը: Դրանք շնորհվեցին մի խոմբ մարդկանց, ովքեր երկար տարիներ ունեցել են սերտ համագործակցություն ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հետ:
Միջոցառման ժամանակ ներկայացվեցին «ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 95-ամյա անցած ուղին» գիրքը և ֆիլմը՝ որպես ամբիոնի 95 տարիների գիտամանկավարժական գործունեության ամփոփում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները