Աշուրան Կապույտ մզկիթում. Իրանցիները սգում են Իմամ Հուսեյնի նահատակման օրը
Այսօր Երևանի Կապույտ մզկիթում շիա մուսուլմանները նշեցին Իմամ Հուսեյնի նահատակության սգո ծիսակարգը՝ «Աշուրան»:
Շիա մուսուլմանների կրոնական օրացույցում կարևորվող այս օրը Հուսեյնի՝ շիայական երրորդ իմամի հիշատակման օրն է:
Հուսեյնը իր ընտանիքի և բազմաթիվ մուսուլմանների հետ միասին 680թ-ին նահատակվել է Քերբալայում (ներկայումս՝ Իրաքում) սուննիների՝ Օմայան երկրորդ խալիֆա Յազիդ իբն Մուավիայի զորքի հետ առճակատման արդյունքում: Հիշատակման ծեսն անցկացվում է շիայական Մուհարրամ ամսի տասներորդ օրը: Այդ օրը կազմակերպվում են բազմամարդ թափորներ, որի մասնակիցները հարվածում են իրենց կրծքին և թատերականացված միջոցառման՝ թազիյեի շրջանակներում բարձրաձայն ողբում Հուսեյնի նահատակությունը՝ փաստելով, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն իսլամի:
Մոլեկրոն շիաներն իրականացնում են իրական տանջածես՝ ձաղկելով իրենց շղթաներով կամ սուր գործիքներով, վերապրելով նահատակվածների չարչարանքները:
Կապույտ մզկիթում, սակայն, ինքնախարազանման ծես չկայացավ. Հավատացյալ տղամարդիկ իմամի առաջնորդությամբ նախ նամազ արեցին, ապա բռունցքներով իրենց կրծքին հարվածելով և աղոթք ասելով՝ մզկիթի բակում գտնվող այգու շուրջ երկու շրջան կատարեցին ու գնացին դեպի ճաշասրահ, որտեղ մատուցվեց մատաղը: Մատաղին մասնակցեցին նաև ծեսին ներկա հայերը՝ ի նշան հայ և իրանցի ժողովուրդների համերաշխության ու բարեկամության:
Նշենք, որ Իսլամի կանոններից ելնելով՝ կանայք չէին մասնակցում ծիսակարգին, այլ կողքից հետևում էին: Նրանց համար մզկիթում սահմանված է առանձին սենյակ՝ աղոթելու և Իմամ Հուսեյնի մահը սգալու համար:
Panorama.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, մեկնաբանելով Երևանում մուսուլմանական այս ծիսակարգի անցկացման խորհուրդը, նշեց, որ դա չափազանց կարևոր է ինչպես հայ-իրանական բարեկամության, այնպես էլ աշխարհում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու տեսանկյունից:
«Շատ ուրախալի և հպարտանալու առիթ է, որովհետև այս հնարավորությունը մեր իրանցի եղբայրներին ընձեռելով՝ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ցույց է տալիս, թե որքան հանդուրժող երկիր է: Առաջին անգամ է, որ իրանցիների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայերն էլ ազատորեն մասնակցեն և լուսաբանեն այս ծիսակարգը: Արդեն 20 տարի է շիա մուսուլմանները Երևանում առանց խոչընդոտի կարողանում են անցկացնել Աշուրայի արարողակարգը: Սա չափազանց կարևոր է, հատկապես, եթե հաշվի առնենք որոշ հարևան երկրների վարքագիծը: Հատկանշական է մասնավորապես իրեն շիայական պետություն հռչակած և շիաների վարքագիծը շահարկող Ադրբեջանի Հանրապետության հանգամանքը, որն այս ծիսակարգը սեփական երկրում արգելել է և բազմաթիվ խոչընդոտներ է հարուցում շիայական հավատացյալների առաջ: Ուստի Հայաստանում մենք ունենք կրոնների միջև երկխոսությանը նպաստող խիստ կարևոր կրոնական ու մշակութային կենտրոն. դա Երևանի Կապույտ մզկիթն է, որտեղ այս ծիսակարգի անցկացումը խոսում է իրանցի ժողովրդի հանդեպ հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքի մասին, ինչը խիստ կարևոր է, քանզի նույն բարեկամական վերաբերմունքին էլ Իրանում բնակվող մեր հայրենակիցներն են արժանանում իրանցիների կողմից»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց Վարդան Ոսկանյանը:
Մզկիթում ծիսակարգին մասնակցում էր նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ «Աշուրայի» արարողակարգը Իրանում շատ ժողովրդական ծիսակարգ է.
«Մեր բոլոր քաղաքացիները նշում են այս օրը և անգամ ճաշ են տալիս՝ որպես մատաղ: Հետաքրքիր ու հատկանշական է, որ անգամ իրանահայերն են հաճախ նշում այս օրը և ճաշ են տալիս՝ իրենց մասնակցությունն ունենալով այդ մատաղին՝ հանուն իրենց ընտանիքների բարօրության և առողջության:
Այսօրվա միջոցառման պատգամը հետևյալն է՝ ողջ աշխարհին ցույց տալ, որ շիա մուսուլմանները քրիստոնյա հայերի կողքին շատ խաղաղ ապրում և հարգում են միմյանց կրոնական բոլոր ծեսերը: Բոլոր այն մարդիկ, ովքեր իսլամի անվան տակ դուրս են գալիս տարբեր ժողովուրդների ու մարդկանց դեմ, ահաբեկչություն են իրականացնում, նրանք իսլամի հետևորդներ չեն, նրանք մեր թշնամիներն են»,-նշեց դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Իրանի դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրանցիների հոգևեր-մշակութային կյանքի համար անհրաժեշտ բոլոր նպաստավոր պայմանները Հայաստանում ստեղծելու և ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան