Այսօր մենք ունենք նվազագույնի հասցված ռիսկերով համակարգ. Արտեմ Ասատրյան
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված կոնկրետացված մոտեցումներ»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե սոցիալապես անապահով քանի՞ ընտանիք կարող է օգտվել էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումից, նախարարը նշեց, որ այս պահին դեռ ոչինչ չի կարող ասել, քանի որ այդ աշխատանքները շարունակվում են. «Վարչապետը հանձնարարեց սոցիալապես անապահով շերտերի հետ կապված ունենալ մոտեցում, իսկ այսօր Հայաստանում գոյություն ունի անապահովության գնահատման համակարգ, որտեղ հաշվառված են շուրջ 131 հազար ընտանիք»:
Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, ըստ որի՝ սոցիալական ոլորտի ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի, նախարարը նշեց, որ խնդիրը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի, կենսաթոշակի նշանակման գործող ընթացակարգերի հնարավորինս պարզեցմանը, որպեսզի քաղաքացիները ավելի մատչելի ստանան ծառայությունները:
«Նաև վարչապետը նշեց առցանց ծառայությունների ընդլայնման մասին, որի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել: Մենք այսօր ունենք նվազագույնի հասցված ռիսկերով համակարգ, ներկայումս մեր առաջնահերթությունները կդառնան մեր քաղաքացիներին ավելի որակյալ և ավելի մատչելի ծառայություններ մատուցելը»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա