Հայրենական արտադրություն ԱԹՍ-ները 10 անգամ էժան են արտասահմանյան արտադրության տարբերակներից
Հայրենական արտադրություն անօդաչու թռչող սարքերը ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության տարբերակներին: Այսօր Երևանում բացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի գիտահետազոտական և փործարարական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Միքայելյանը:
Նշենք, որ ռազմական ավիացիոն համալսարանի տաղավարում ներկայացված են հայրենական արտադրության «Կռունկ 25-1», «X-55M» անօդաչու թեթև քաշային ինքնաթիռները, ինչպես նաև «Բազե» անօդաչու գերթեթև քաշային ինքնաթիռը:
Մասնավորապես`«Կռունկ 25-1» ԱԹՍ-ն պատկանում է անօդաչուների միջին դասին: Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերից ամենամեծն է: Թևերի բացվածքը 4200 մմ. է, երկարությունը`2950 մմ., բարձրությունը 1200 մմ.: «Կռունկ 25-1»-ի մեկնարկային թռիչքային քաշը կազմում է 55 կգ, օգտակար բեռի քաշը` 15 կգ:
Սարքի միջին արագությունը 120 կմ/ժ է, առավելագույն արագությունը` 140 կմ/ժ: Թռիչքի առավելագույն տևողությունը 210 րոպե է, գործողության շառավիղը` 150 կմ, ընդ որում` ծրագրավորված ինքնուրույն թռիչքի հեռավորությունը կազմում է 100, իսկ անմիջական կառավարման հեռավորությունը` 50 կմ: Թռիչքի աշխատանքային բարձրությունը 500-3000 մ է, առավելագույն բարձրությունը` 4000 մ:
Ներկայացված մյուս անօդաչու թեթև քաշային ինքնաթիռը «X-55M» է: Ինքնաթիռի Թևերի բացվածքը 3600 մմ. է, երկարությունը`2330 մմ., բարձրությունը 650 մմ.: «X-55M»-ի մեկնարկային թռիչքային քաշը կազմում է 30 կգ, օգտակար բեռի քաշը` 5 կգ: Սարքի միջին արագությունը 130 կմ/ժ է: Թռիչքի առավելագույն տևողությունը 90 րոպե է: Ծրագրավորված ինքնուրույն թռիչքի հառավորությունը կազմում է 100, իսկ անմիջական կառավարման հառավորությունը`50 կմ: Թռիչքի շահագործման բարձրությունը 80-4000 մ է, առավելագույն բարձրությունը` 4500 մ:
Եվ, վերջապես, ներկայացած երրորդ սարքը «Բազե» անօդաչու գերթեթև քաշային ինքնաթիռն է: «Բազե»-ն պատկանում է փոքր անօդաչու թռչող սարքերի դասին:
Սարքի քաշը 5,5 կգ է, այն կարող է կրել մեկ կգ օգտակար բեռ: Սարքի միջին արագությունը 80 կմ/ժ է, առավելագույն արագությունը` 100 կմ/ժ: Անօդաչուն կարող է մոտ մեկ ժամ օդում լինել, անմիջական կառավարման հառավորությունը 30 կմ է: Թռիչքի շահագործման բարձրությունը100-2000 մ է, առավելագույն բարձրությունը` 3000 մ:
«Հայկական կողմը արտադրում և օգտագործում է հիմնականում հետախուզական ԱԹՍ-ներ: Այս սարքերը, մասնավորապես, իրականացնում են հակառակորդի տարածքի լուսանկարահանում, տեսանկարահանում, ինչպես նաև կիրառվում են հրետանու կրակի ղեկավարկման համար»,- նշեց գնդապետ Միքայելյանը:
Նրա խոսքով` հայրենական արտադրություն հետախուզական ԱԹՍ-ները ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության սարքերին և ունեն բոլոր ԱԹՍ-ներին բնորոշ առանձահատկություններ:
«Սարքերն առանձնանում են իրենց անտեսանելիությամբ, մանևրելու, ինչպես նաև տարբեր բարձրութունների վրա ընթանալու հատկությամբ: Որակի տեսանկյունից մեր սարքեր ոնչով չեն զիջում այլ երկրներում արտադրված սարքերին, պատրաստվում են ամենաժամանակակից նյութերով և հագեցած են նորագույն սարքավերումներով», - նշեց գնդապետ Միքայելյանը:
Դրա հետ մեկտեղ, ըստ մեր զրուցակցի, ինքնարժեքով հայրենի արտադրության ԱԹՍ-ները մոտ 10 անգամ ավելի էժան են Ադրբեջանի կողմից ձեռք բերվող իսրայելական արտադրության սարքերից:
Գնդապետի խոսքով` ներկայումս իրենք չեն արտադրում հարձակվողական ուղղվածության ԱԹՍ-ներ, սակայն եթե Պաշտպանական գերատեսչության կողմից նման խնդիր դրվի, ապա Ռազմական Ավիացիոն ինստիտուտի գիտական ներուժը լիովին բավարար է այն իրագործելու համար: