«Ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելը առանցքային նշանակություն ունի աղետների նվազեցման հարցում»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել աղետների նվազեցման միջազգային օրվա առթիվ:
«Նախորդ տարի պետություններն ընդունեցին Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագիրը, որի նպատակներն ամրագրվեցին «Զարգացման օրակարգ – 2030» փաստաթղթում: Այսօր հայտարարում ենք նոր նախաձեռնության մեկնարկը՝ «Սենդայի յոթի քարոզարշավ. 7 թիրախ՝ 7 տարում»։ Քարոզարշավի սևեռակետում այն հարցն է, թե ինչպես կարող ենք յուրաքանչյուրս նպաստել աղետների հետևանքով կորուստների նվազեցմանը: Այս տարվա թիրախը մարդկային կյանքի կորուստների կրճատումն է:
Մենք կարող ենք փոխարինել նյութական բարիքները, սակայն ոչ՝ մարդկանց: Ինձ մշտապես ապշեցնում է այն, թե որքան շատ մարդ է զոհվում աղետների ժամանակ: Եվ որպես կանոն՝ զոհերի մեծ մասն աղքատ ու խոցելի մարդիկ են:
Այսօր հարյուր միլիոնավոր մարդիկ կանգնած են բարձրացող ծովերի, երկրաշարժերի, երաշտների, սաստիկ շոգերի, ջրհեղեղների և փոթորիկների վտանգին հանդիման: Նրանք ապրում են վտանգավոր վայրերում՝ մարգինալ հողատարածքներում, անկայուն սարալանջերին կամ փոթորիկներից անպաշտպան ափամերձ վայրերում: Ահա թե ինչու ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելը (Կայուն զարգացման 17 նպատակներից առաջինը) առանցքային նշանակություն ունի աղետների նվազեցման հարցում:
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից այսօր հրապարակված «Աղքատություն և մահ. աղետներից մահացությունը 1996-2015 թթ.» զեկույցն անհավասարության ծանրակշիռ վկայագրություն է: Մեծ եկամուտներ ունեցող երկրներն աղետների պատճառով տնտեսական վնասներ են կրում, մինչդեռ եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրները վճարում են մարդկային կյանքերով:
Աղետների նվազեցման այս միջազգային օրը բոլոր կառավարություններին կոչ եմ անում աշխատել քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ, որպեսզի աղետների կառավարումից անցնենք ռիսկի կառավարման: Եկեք արձագանքման մշակույթից անցնենք կանխարգելման մշակույթին և ամրապնդենք դիմակայունությունը՝ նվազեցնելով մարդկային կյանքի կորուստները»,-ասված է ուղերձում: